News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մարդու իրավունքների տուն Երեւան» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է հանրաքվեի քարոզարշավի ընթացքում մարդու իրավունքների շուրջ մանիպուլյացիաների, ատելության խոսքի, բռնության կոչերի մշտադիտարկմանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մարդու իրավունքների տուն Երեւանն (ՄԻՏ Երեւան) արձանագրում է, որ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու որոշումից հետո առցանց մեդիայում եւ սոցիալական ցանցերում սկսել են մարդու իրավունքների թեմայի անհարկի շահարկումները տարբեր քաղաքական կուսակցությունների, քաղաքական շահեր հետապնդող առանձին խմբերի եւ անհատների կողմից: Այդ խմբերը գիտակցաբար թիրախավորում են խոցելի խմբերին, նրանց նկատմամբ տարածում են եւ հրահրում ատելության խոսք ու բռնության կոչեր:

Սահմանադրական հանրաքվեն կապելով այնպիսի զգայուն հարցերի հետ, ինչպիսիք են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, խոցելի խմբերի իրավունքները, նրանց պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ներկայացուցիչների գործունեությունը՝ վերջիններս միտումնավոր կերպով տագնապային եւ թշնամական միջավայր են ստեղծում առցանց տիրույթում եւ հանրային տրամադրություններում, փորձում են լուծել սեփական քաղաքական եւ նեղ անձնական շահերը՝ զգայուն թեմաների մանիպուլյացիաների միջոցով:

ՄԻՏ Երեւանը դատապարտում է այս գործելաոճը եւ հայտնում, որ առցանց մեդիայում եւ սոցիալական ցանցերում մշտադիտարկում է հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մարդու իրավունքների շուրջ զանազան մանիպուլյացիաները, ատելության խոսքն ու բռնության կոչերը: Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվելու են եւ հանրայնացվելու, արձանագրված իրավախախտումները ուղարկվելու են համապատասխան իրավապահ մարմիններին։

ՄԻՏ Երեւանը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին, կուսակցություններին, քաղաքական եւ հանրային գործիչներին եւ քաղաքացիներին զերծ մնալ մարդու իրավունքները ոտնահարող, առանձին խմբերին թիրախավորող, ատելության խոսք ու բռնության կոչ պարունակող տեղեկատվության տարածումից»:

Տպել
Ամենաշատ