News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեծ ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր վերջին 1,5 տարվա ընթացքում տիկին կանցլերի հետ հանդիպում ենք երրորդ անգամ։ Այս մասին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին։

Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործնկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը թե՛ զգացական, թե՛ գործնական առումներով։

Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական Միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար:

Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար:

Քիչ անց տիկին Մերկելի հետ հնարավորություն ենք ունենալու քննարկելու մեր համագործակցության ողջ օրակարգը: Առանձնակի ցանկանում եմ շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին:

Մենք երախտապարտ ենք Գերմանիայի և Եւրոպական Միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար»,-նշեց նա:

Վարչապետը շեշտեց՝ 2018 թվականից Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգին և Գերմանիան հաջողված մոդել է մեզ համար։ 

«Գերմանիայի ցուցաբերած աջակցության համատեքստում կցանկանայի առանձնացնել գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը մեր երկրում:

Մեր հանդիպմանը զգալի հատված նվիրելու ենք տնտեսական օրակարգին, որը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում զգալի առաջընթաց է ապրել: Այս համատեքստում կարևորում ենք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ:

Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը:

Տիկին կանցլերի հետ անդրադառնալու ենք նաև մշակութային, գիտակրթական համագործակցությունը: Մեզ համար կարևոր է կրթական ոլորտում Գերմանիայի առաջատար փորձի տրամադրումը: Մենք շահագրգռված ենք Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ:

Լիահույս ենք, որ 2017 թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի: Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա»,-հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ