News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արաբական աշխարհում 2-րդը՝ Լիբանանից հետո. Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Վաչագան Ղազարյանի կամ նույն ինքը՝ Սերժի Վաչոյի, քրեական գործը կարճվել է. նա մեղադրվում էր պետությանը 1,1 միլիարդ դրամի ենթադրյալ վնաս պատճառելու համար։ Փետրվարի 12-ին զինծառայողների մահվան դեպքերով ինքնասպանության հասցնելու հոդվածով գործեր են հարուցվել։ Զինծառայողները, գլխի հրազենային վնասվածքով տարբեր ժամերի են գտնվել։ «Ես այդքան փոքրացել ե՞մ». Գագիկ Ծառուկյանը հերքել է Սասուն Միքայելյանի միջոցով Փաշինյանի հետ հանդիպում «փնտրելու» լուրերը։ Ադրբեջանի ժողովրդավարության ընկալումները խեղաթյուրված են, Արցախը երբեք չի մասնակցել այդ երկրի ընտրություններին. ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը։ «Անտեսել ապրիլի 5-ի հանրաքվեն». ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել։ Ծխե՞լ, թե՞ չծխել. երկարատեւ վեճերից հետո պատգամավորներն ընդունել են հակածխախոտային փաթեթը։ Ընդդեմ «քրեական ենթամշակույթի»՝ «ասֆալտին պառկեցնելով». շուրջկալներ՝ Արմավիրի 4 բնակավայրում։

Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւն օրենսդիրի օրակարգ է մտցրել Սիրիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խումբը: Սիրիան դարձել է արաբական աշխարհի երկրորդ երկիրը, Լիբանանից հետո, որը ճանաչում է Հայոց Մեծ Եղեռնը։

Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է։ Գործը վերաբերում էր «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահից շորթում կատարելու դեպքին։ Դեռ 2018-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել «Յանսում» հայտնաբերված հանցավոր մի շարք դրսեւորումների մասին, որոնց հետեւանքով պետությանը 1 միլիարդ դրամից ավելի ենթադրյալ վնաս էր պատճառվել։ Ոչ Վաչագան Ղազարյանին, նույն ինքը՝ Սերժի Վաչո, ոչ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։

Ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելի Մանվելյանի եւ կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի մահվան դեպքերով հարուցվել են քրեական գործեր՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Երկուսն էլ հրազենային վնասվածք էին ստացել գլխի շրջանում, փետրվարի 12-ին, ժամը 11։30-ին եւ 13-ին մոտ։ Հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք ձերբակալվածներից մեկի խափանման միջոցը փոխվել է, ձերբակալվել է մեկ ուրիշը։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջարկում է բանակում մահերի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել։ Լրագրողները հետաքրքրվել են՝ ճի՞շտ է, որ Ծառուկյանը քաղաքական առևտրի մեջ է վարչապետ Փաշինյանի հետ, այդ պատճառով այլևս չեն պաշտպանում իրենց նախկին դիրքորոշումը Սահմանադրական դատարանի հարցում, ԲՀԿ նախագահը բացասաբար է պատասխանել։

Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա եւ ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ադրբեջանի այն սին եւ կեղծ պնդումները, թե այս ընտրություններում ձեւավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները, ասել է նա։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու է երկկողմ հարաբերությունների խորացման մասին։ Հայաստանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, այդ թվում իրավական համակարգում, ասել է կանցլերը, հաջողություն մաղթել ու ավելացրել, որ Երեւանում շատ է ոգևորվել ԹՈՒՄՈ կենտրոնով, որի նմանը շուտով կբացվի Բեռլինում։ Մերկելը խոսել է նաեւ Արցախյան խնդրի մասին։ «Մենք պետք է երկար աշխատանք տանենք, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթաց ունենանք, դա լինելու է այսօրվա մեր քննարկման թեման», ասել է Մերկելը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ «իշխանությունների նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն»: «Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ», նշված է հայտարարությունում: Դաշնակցությունը խոստանում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել «Այո»-ն բացառելու, հակապետական ընթացքը կանխելու համար»։

Տպավորությունն այնպիսին է, որ մենք դասախոսություններ ենք կարդում, թե ծխելը վնասակար է, կա՞ որեւէ մեկը, որ չգիտի, որ ծխելը վնասակար է, սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ստատուսներ ենք այստեղ բերում: Ազգային Ժողովում հակածխախոտային փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցությունից Լուսինե Բադալյանը: Պատգամավորը դժգոհել է, որ հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքը բովանդակության առումով աղքատիկ է եղել։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է փաթեթը։

«Քրեական ենթամշակույթի» դեմ պայքարի շրջանակում «ասֆալտին պառկեցնելու» հերթական գործողությունն են իրականացրել իրավապահները։ Ոստիկաններն Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի եւ Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող կամ դրան հարող անձանց։ Խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։

Բանակում ծառայության ընթացքի վրա բացասաբար ազդող երեւույթներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առանձնացրել է «քրեական ենթամշակույթը»։ Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ տիրող իրավիճակին, որովհետեւ չունի այն գործիքակազմը, որ պետք է իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար, ոստիկանությունը պետք է քննություն իրականացնելու լիազորություն ունենա, ասել է նա, ավելացնելով, որ այժմ ծրագիր է մշակվում Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու ուղղությամբ։

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սեւ տոպրակով փակել է մի քանի արագափաչեր, պնդել, թե 2 օրվա ընթացքում փակելու է հանրապետության բոլոր արագաչափերը։

Հայաստանում տոնել են տրնդեզը կամ Տերն ընդ ձեզը։ Հայ եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից քառասուն օր հետո։ Մարդիկ կրակ են վառում եկեղեցու առաջ, ցատկում վրայով, հյուրասիրում հալվա, գաթա, աղանձ, գինի։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով եւ կազմել 479.11 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.97 դրամով եւ կազմել 521.37 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.57 դրամով ու կազմել 621.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով ու կազմել 7.52 դրամ։

Հայաստանի որոշ բնակավայրերում, այդ թվում Երեւանում փետրվարի 14-ի գիշերը ձյուն է սպասվում: Ցերեկը տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -3-5, վաղը ցերեկը՝ +3+5։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ