News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թրամփի վարչակազմը հայտարարել է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման համար վերջերս ընդունված պաշտպանական բյուջեի մասին օրենքով 3.8 միլիարդ դոլարի փոխանցման մասին, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Պենտագոնի բյուջեից ստացված գումարը, որն ի սկզբանե նախատեսված էր Ազգային գվարդիայի պահպանման, օդանավերի ձեռքբերման եւ նավաշինության համար, կփոխանցվի թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ծախսերի տող: Սա հնարավորություն կտա ֆինանսավորել պատի կառուցումը:

Բյուջետային այն մանեւրը, որի մասին տեղեկությունը բացահայտվել էր օրենսդիրներին տրամադրված փաստաթղթերում, կոշտ քննադատության ենթարկվեց կոնգրեսական Մաք Թորնբերիի՝ Պալատի կոմիտեում զինված ուժերի հարցերով գլխավոր հանրապետականի կողմից: Դեմոկրատները նույնպես քննադատել են փոխանցումը, սակայն անցյալ տարի նախագահ Թրամփին հաջողվել էր նույնանման «մանեւրը» իրականացնել` առանց որեւէ հետեւանքի: «Կոնգրեսը սահմանադրական իրավունքներ ունի` որոշելու, թե ինչպես են ծախսվում պաշտպանական միջոցները: Այսօրվա վերածրագրումը հակասում է Կոնգրեսի սահմանադրական լիազորություններին»,- նշվում  է Թորնբերիի հայտարարության մեջ:

Առնվազն երկու ամիս առաջ ԱՄՆ նախագահը ստորագրել էր դաշնային բյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Երկու կողմի օրենսդիրներն էլ դեմ էին հանդես եկել օրինագծին. նրանց մտահոգում էր այն, որ ռազմական բազաներում պոպուլյար նախագծերի իրականացման համար նախատեսված միջոցները կուղղվեն պատի կառուցմանը:

Այս անգամ Պենտագոնը 1.3 միլիարդ դոլար է պահանջել, որոնք ի սկզբանե նախատեսված էին Ազգային գվարդիայի համար սարքավորումների եւ F-35 ու V-22  տեսակի լրացուցիչ ինքնաթիռների ձեռքբերման համար: Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները չեղարկել էին Միսիսիպիի նավահանգստում կառուցվող դեսանտային նավի եւ Ալաբամա քաղաքում կառուցվող բեռնատար նավի կառուցումը, ինչին կողմ էր հանդես գալիս հանրապետական սենատոր, Հատկացումների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Շելբին:

«Այսօր [Թրամփը] թալանեց մեր ազգային գվարդիան` իր սնանկացող պատի կառուցման համար»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Պատրիկ Լիհին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ