News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Այս մասին փետրվարի 13-ին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներին, տարբեր ուղղություններով կառավարության քաղաքականությանը, դատաիրավական բարեփոխումներին եւ այլ թեմաների:

Մասնավորապես, վարչապետը նշել է.

«Ուրախ եմ այսօրվա հնարավորության համար: Ուղիղ մեկ տարի առաջ իմ առաջին պաշտոնական այցն եմ կատարել Գերմանիա եւ ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այսպիսի ինտենսիվություն են ձեռք բերում: Նախորդ տարի իմ այցի շրջանակում հնարավորություն ունեցա հանդիպում ունենալ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում եւ այս անգամ ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հնարավորություն ունեմ վերջին մեկ տարվա ընթացքում շփվել գերմանական թինկ թանկների ամենախոշոր եւ նշանակալից երկու ներկայացուցիչների հետ եւ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսպիսի հնարավորության համար:

Այո՛, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որի հիմնական ասելիքը եւ բովանդակությունն ամփոփված է հենց այդ բառերի մեջ՝ սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Բայց այդ հեղափոխության ամբողջ կոնտեքստը ժողովրդավարությունն էր, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, եւ այն շարունակում է այսօր լինել մեր հիմնական օրակարգը:

Շատ կարեւոր է արձանագրել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո` վերջին մեկուկես տարվա ընթացքում, եւ ինչպիսին են արդյունքները Հայաստանում հեղափոխությունից հետո: 2019 թվականն այս առումով շատ կարեւոր տարի էր, որովհետեւ առաջին ամբողջական տարին էր, երբ Հայաստանում կառավարման ղեկին է հայտնվել հեղափոխության արդյունքներով ձեւավորված իշխանություն, կառավարություն, խորհրդարան: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ այդ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքներն ընդհանրապես չվիճարկվեց որեւէ մեկի կողմից ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ հանրային կարծիքի առումով:

Դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ընտրությունները վիճարկվել էին, արժանացել միջազգային դիտորդների ծանր քննադատությանը: Եվ այս անգամ ոչ միայն հայ հանրությունը, այլ նաեւ միջազգային հանրությունը ոչ միայն որեւէ քննադատություն չհնչեցրեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, այլեւ արձանագրեց, որ այն տեղի է ունեցել միջազգային ստանդարտներին համապատասխան: Սա հեղափոխության առաջին եւ ամենակարեւոր արդյունքն էր:

Բայց դրանից հետո էլ 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել քաղաքական եւ մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր վարկանիշային ցուցակներում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում, խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում: Այսօր Հայաստանի Հանրապետությունն համացանցի ազատության առումով զբաղեցնում է 8-րդ տեղը վարկանիշային ցուցակում՝ կիսելով այդ հորիզոնականը Ֆրանսիայի հետ: Մենք հակակոռուպցիայի ընկալման վարկանիշում հսկայական առաջընթաց ենք արձանագրել եւ այս պրոցեսն աներկբա շարունակվելու է Հայաստանի Հանրեպությունում:

Ուզում եմ արձանագրել, որ նաեւ 2019 թվականին Հայաստանի Հարապետությունում տնտեսական առումով շատ նշանակալի տարի էր: Նախ երկար տարիների ընդմիջումից հետո տնտեսական վարկանիշային երկու կազմակերպությունները՝ «Ֆիթչը» եւ «Մուդիսը» բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը, տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն աննախադեպ էր իր պահանջարկով եւ ցածր տոկոսադրույքներով:

Բացի այս, 2019 թվականին եւ՛ Համաշխարհային բանկը, եւ՛ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի վերաբերյալ իրենց գնահատականները՝ այն էականորեն բարելավելով, այսինքն դարձնելով ավելի բարենպաստ: Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես վայելում է այն պտուղները, որոնք պիտի վայելեր հեղափոխությունից հետո: Իհարկե, չեմ ասում, թե ամեն ինչ կատարյալ է Հայաստանի Հանրապետությունում, բայց կարող եմ ասել, որ մենք ձգտում ենք կատարելության եւ ոչ միայն ձգտում ենք, այլեւ կոնկրետ գործունեություն ենք ծավալում դրա համար:

Բայց այնուամենայնիվ, ձեր թույլտվությամբ, ես ուզում եմ մի քանի տնտեսական արդյունքների մասին խոսել: 2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7,9-8 տոկոս տնտեսական աճ, եւ Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ 2019թ.: Բացի այդ, գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Բայց պետք է ասեմ, որ եւ՛ անձամբ ես, եւ՛ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետեւ մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ:

Հակակոռուպցիոն պայքարի հետ կապված, ցանկանում եմ մի այսպիսի նրբություն ընդգծել, որը կարեւոր է Հայաստանում տեղի ունեցող երեւույթները, իրականությունը գնահատելու համար:

Մենք ասում ենք, որ սովորաբար, հեղափոխություններից հետո գալիս է նոր իշխանություն եւ պայքարում է նախորդ իշխանության կոռուպցիայի դեմ: Բայց մենք ասում ենք, որ մեզ համար գոյություն չունի նախկին եւ ներկա կոռուպցիա, եւ մեզ համար նույնն է գործող պաշտոնյաների կոռուպցիան, ինչ նախկին պաշտոնյաների կոռուպցիան: Եվ 2018 թվականից ի վեր իմ կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, ընդամենը մեկ շաբաթ առաջ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, եւ այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր: Այսինքն, մեր երկրի պատմության մեջ երբեք նման ռանգի գործող պաշտոնյա չի ձերբակալվել:

Զուգահեռ տեղի ունեցավ մաքսանենգության մի խոշոր դեպքի բացահայտում, որում ներգրավված էին Մաքսային կոմիտեի պաշտոնյաներ: Եվ սա ընդգծում եմ` ցույց տալու համար, որովհետեւ սա կարծում եմ կարեւոր նրբություն է, որ մեզ համար կոռուպցիայի դեմ պայքարը չի եղել, չի եւ չի լինելու որեւէ քաղաքական խնդիր լուծելու գործիք: Որովհետեւ ես հրապարակային էլ ասել եմ, որ գործող պաշտոնյաներն ավելի վտանգավոր են, քան նախկինում գործած պաշտոնյաները հենց այն հիմնավորմամբ, որ նրանք գործում են այսօր, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած հսկայական քաղաքական փոփոխություններից հետո եւ նրանց գործողություններն այդ առումով շատ ավելի վտանգավոր են:

Շարունակելով տնտեսական մեր հաջողությունների թվարկումը, ուզում եմ ընդգծել, որ 2018-2019 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով: Մենք 1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները: Կամ մեկ այլ ուրախալի փաստ, որ մենք արդեն 2 տարի անընդմեջ տուրիզմի ոլորտում երկնիշ աճ ենք արձանագրում: 2018-ին զբոսաշրջության ոլորտն աճել էր 12 տոկոսով, 2019-ին` 15 տոկոսով:

Եվ ես համոզված եմ, որ այս պրոցեսը կշարունակվի, մանավանդ, որ մեր կառավարության կողմից ձեռնարկած բարեփոխումների շնորհիվ Հայաստան են մուտք գործել բյուջետային ավիաընկերությունները, այնպիսին, ինչպիսին «Ryanair»-ը, որն ի դեպ շատ շուտով ուղիղ չվերթներ կսկսի Բեռլինից դեպի Երեւան, Մեմինգեմից դեպի Գյումրի, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է: Համոզված եմ, որ Գերմանիայից զբոսաշրջիկների աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլեւ կավելանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ