News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին մեկուկես տարվա ընթացքում բարեփոխումների օրակարգի շրջանակներում Եվրամիությունը դարձել է Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկերը եւ դա շատ կարեւոր է, բայց ես ուզում եմ ընդգծել Գերմանիայի առանձնահատուկ դերը այս ողջ պրոցեսում: Այս մասին փետրվարի 13-ին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բացի այն ամենից, ինչ հրապարակային ասվում է, ես ուզում եմ ընդգծել, որ մենք, կոնկրետ մեր կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ համոզված եմ նաեւ շատ ընդդիմադիր ուժեր` Գերմանիայի հետ հարաբերություններում ունեն եւս մեկ հետաքրքրություն:

Ինչպես արդեն ասացի, 2018թ ապրիլից Հայաստանը կառավարական կիսանախագահական համակարգից անցնում է խորհրդարանական համակարգի: Եվ մենք դիտում ենք Գերմանիան որպես խորհրդարանական կայացած կառավարում ունեցող երկիր, որտեղ այդ կառավարման համակարգի հաջողությունն ապացուցվել է եւ մեզ համար շատ կարեւոր է հնարավորություն ունենալ ուսումնասիրել Գերմանիայի փորձը, տեսնել հակակշիռների եւ փոխզսպումների այն համակարգը, որը թույլ է տվել կառուցել անշրջելի ժողովրդավարություն` հակակշիռների եւ փոխզսպումների հուսալի համակարգով, դատական անկախ համակարգով եւ որը նաեւ խթանել է տնտեսական զարգացումը եւ մրցունակ տնտեսությունը:

Այս առումով, կարեւոր եմ համարում Գերմանիայի հետ մեր համագործակցությունը եւ շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Իհարկե մեր բարեփոխումների օրակարգն, ըստ էության գծագրված է, եւ նկարագրված է Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Եվ մենք հետեւողականորեն իրականացնելու ենք այդ համաձայնագրով նախատեսված բարեփոխումները:

Ուզում եմ ասել, որ մեզ համար շատ կարեւոր է տնտեսական համագործակցության հնարավորությունը Եվրամիության հետ եւ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, կարեւորում է համագործակցությունը տնտեսական ու քաղաքական համագործակցության հաստատումը ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Նախորդ տարի Հայաստանը նախագահել է ԵՏՄ-ում եւ դա ակնհայտորեն բարեհաջող նախագահություն էր: Հայաստանը ԵՏՄ-ի եւ ԵՄ համագործակցության տնտեսական եւ քաղաքական համագործակցության ջատագովն է եւ մենք մեր ուժերի ներածին չափով ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ համագործակցությունը կայանա:

Բայց ուզում եմ ասել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը լավ միջավայր է այն օտարերկրյա, ներառյալ գերմանական եւ Եվրոպական ներդրումների համար, որոնք ուզում են անսահմանափակ մուտք ունենալ դեպի ԵՏՄ 180 միլիոնանոց շուկա:

Եվ ուզում եմ ընդգծել նաեւ, որ Հայաստանում արտադրված ապրանքներն առանց մաքսային խոչընդոտների կարող են արտահանվել դեպի ԵՏՄ տարածք:

Հարգելի գործընկերներ, կրկին եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար, եւ ուզում եմ ընդգծել, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում այլեւս անշրջելի է: Այն, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում եկավ՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով, որը իր ձեւով, տեսքով, բովանդակությամբ ճիշտ է շատ նման էր Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցած 80-ականների վերջի 90-ականների սկզբի հեղափոխություններին, բայց այնուամենայնիվ այն առանձնահատուկ էր:

Եվ ես ուզում եմ եւս մի կարեւոր ընդգծում անել, որը նույնպես կարեւորագույն փաստ է Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, պրոցեսների ընթացքում ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել: Մեր քաղաքական թիմի համար սա եղել է սկզբունքային հարց, հեղափոխության ընթացքում մենք թույլ չենք տվել որեւէ արտաքին քաղաքական ուժի` ներգրավված լինել այդ ողջ պրոցեսում:

Եվ ես սա ի՞նչի համար եմ ընդգծում, ցույց տալու համար, որ այդ պրոցեսները բխել են մեր ժողովրդի մտայնությունից եւ ցանկությունից, իսկ սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը, թափանցիկությունը մեր ժողովրդի մտայնությունից եկող պահանջարկ է եւ հետեւաբար ժողովրդավարությունը Հայաստանում ունի խորը հիմքեր, այն բխում է մեր ժողովրդի ընկալումներից, մենթալիտետից, մշակույթից:

Սա ամենակարեւոր երաշխիքն է եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր էլ շարունակելու է լինել Ժողովրդավարական պետություն եւ ես հույս ունեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կաջակցեն մեր երկրին ու ժողովրդին այս կարեւորագույն գործընթացը շարունակելու եւ ինստիտուցիոնալ առումով ժոովրդավարությունը Հայաստանում ուժեղացնելու գործում: Շնորհակալ եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ