News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, Հայաստանում հեղափոխության պահից ի վեր, ի բնե չի կարող լինել օլիգարխ կամ օլիգարխիա, որովհետեւ Հայաստանում չկա քչերի իշխանություն, կա շատերի իշխանություն եւ Հայաստանում ձեր նշած անձանցից ոչ մեկը չունի այն իշխանությունը եւ ազդեցությունը, որ ունեցել է 2018 թվականից առաջ։ Այս մասին փետրվարի 13–ին, Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, թե Հայաստանում շարունակվում է օլիգարխիան, եւ որ խարհրդարանում եւս կան օլիգարխներ եւ իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ են։

«Շատ կարեւոր մի հանգամանք՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ–ում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք տեղի չի ունեցել։ Սա շատ կարեւոր եմ համարում, բայց մյուս կողմից ես ասացի, որ Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում բյուջեի հավելյալ 1 միլիարդ դոլարից ավելի եկամուտներ են ապահովվել»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների վճարած հարկերը հսկայական աճ են ունեցել. «Այսօր ՀՀ–ում չկա այնպիսի անհատ, մարդ, օլիգարխիա, խումբ, որ Ազգային ժողովի, Կառավարության որոշումների վրա ունենա ազդեցություն։ Ես սա ուղղակի բացառում եմ, չի կարող լինել այդպիսի բան։ Արդյոք բավարար եւ ամբողջապես քննվա՞ծ է նախկինում Հայաստանում տեղի ունեցած չարաշահումների ողջ պատմությունը՝ ոչ, իհարկե ոչ։ Այդ թվում այն պատճառով, որ մենք ցավոք սրտի դեռեւս օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չունենք ամբողջությամբ անկախ դատական համակարգ, իսկ առանց անկախ դատական համակարգի եւ առավելեւս մի սահմանադրական դատարանի պայմաններում, որը հայտարարում է, թե ինքը դատական իշխանության ղեկավարությունն է եւ որը ձեւավորվել է ասած օկուպացիայի պայմաններում, օլիգարխիայի իշխանութան ժամանակաշրջաններում, հակակոռուպցիոն պայքարը բավարար արդյունավետ չի կարող լինել, այդ է պատճառը, որ գնում ենք դատաիրավական համակարգի խորը բարեփոխումների»:

Փաշինյանը հավելեց, որ առաջիկայում հակակոռուպցիոն քննչական մարմին են ստեղծում, հակակոռուպցիոն դատարան են ստեղծում, արդեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է ստեղծվել. «Մեր խորհրդարանում գործարարների ներկայությունը, խոշոր բիզնեսի ներկայությունը, անգամներով չեմ կարող ասել, բայց հիմա համարյա ձգտում է զրոյի։ Իշխող խմբակցության կազմում ոչ մի մեծահարուստ չկա, ոչ մի, Ճիշտ եմ ասում չէ՞, չկա ոչ մի մեծահարուստ։ Ոչ մի մեծահարուստ չկա։ Եվ սա ամենակարեւոր արձանագրումն է»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ