News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած քվեարկությունից հետո «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Բաքվում լրագրողների աշխատանքի խոչընդոտման առնվազն 18 դեպք է բացահայտել: Որոշ դեպքերում լրատվամիջոցների աշխատողները ֆիզիկապես են բռնության ենթարկվել: Իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այս բռնության համար պատասխանատու անձանց: Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» մամուլի պաշտպանության միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:

Չորեքշաբթի գիշերը ոստիկանության հատուկ նշանակության ուժերը բռնի կերպով ցրել են պատգամավորների թեկնածուներին, որոնք նստացույց էին անցկացնում Բաքվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Որոշ լրագրողների հաջողվել էր փախչել, սակայն նրանց մեծ մասը ձերբակալվել եւ ծեծի է ենթարկվել: «Նրանք ինձ հրեցին ավտոմեքենայի մեջ, որտեղ երեք ոստիկան ինձ զենքով եւ ոտքերով ծեծեցին,- իր ֆեյսբուքյան էջին գրում է Basta.info-ի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլին, - Իմ դեմքը արյունոտվել էր»:

Մինչ ցուցարարներին բռնի կերպով նետել են ավտոբուսը, իրադարձությունը լուսաբանող յոթ կին լրագրող ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից, նրանց տեսախցիկներն ու հեռախոսները խլել են:

Meydan TV-ի  լրագրող Սեւինջ Վագիֆգիզին ձեռքի եւ դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել: «Ամերիկայի ձայն»-ի լրագրողներ Ուլվիա Գուլիեւան եւ Այգոն Ռաշիդովան, «Ռադիո Ազադլիգ»-ի թղթակից Այթան Մամեդովան, անկախ լրագրողներ Այնուր Էլգյունեշը եւ Այթաջ Թափթիգը տարբեր վնասվածքներ են ստացել: Նրանց տարել են քաղաքի ծայրամասեր եւ կեսգիշերին մոտ բաց են թողել մայրուղուց հեռու: Գործընկերներից երեքը, այդ թվում նաեւ` հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, նրանց հետեւել են տաքսիով, սակայն ձերբակալվել եւ ծեծի են ենթարկվել:

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել քաղաքական եւ լրագրողական բազմակարծությունը` չնայած իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին եւ խոստումներին երաշխավորելու ԶԼՄ-ների ազատությունն ու անվտանգությունը»,- նշել է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի բաժնի ղեկավար Ժաննա Քավելյեն:

Անկախ մամուլը հայտնել է ընտրական կանոնների կոպիտ խախտումների մասին, իսկ լրագրողները բռնության էին ենթարկվում իրավապահ մարմինների եւ ընտրական հանձնաժողովների աշխատակիցների կողմից:

«Մենք թափանցիկ հետաքննություն եւ դատական հետապնդում ենք պահանջում այս բռնություններն իրականացրածների նկատմամբ, ինչպես նաեւ` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի պահպանում»,- նշել է նա:

Ընտրությունների օրը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը լրագրողների վրա հարձակման առնվազն ութ դեպք է գրանցել, որոնց թույլ չեն տվել աշխատել:

Այդպես, Ռադիո «Ազադլիգ»-ի աշխատակից Իսլամ Շիխալին ճնշման է ենթարկվել է, ինչը տեսախցիկով նկարահանվել է: Մեկ այլ տեսանյութում մի քանի հոգի փորձում է խանգարել BBC-ի թղթակից Այգուն Մեհմանին նկարահանում իրականացնել: Yeni Cumhurriyet կայքից Ալի Սաֆարուի բախտը պակաս է բերել. ընտրական հանձնաժողովի անդամը կոտրել է նրա տեսախցիկը: Ընտրատեղամասերում ճնշումների են ենթարկվել ֆրիլանսեր Ֆաթիմա Մովլանլին, Turan-ի լրագրողներներ Ազիզ Քարիմովը եւ Ֆարիդ Գահրամանովը, «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Փարվան Բայրամովը եւ Abzas.net առցանց լրատվամիջոցի խմբագիր Ուլվի Հասանլին: 

Փետրվարի 9-ի ընտրություններից առաջ մի շարք լրատվամիջոցներ եւ ընդդիմադիր կայքեր էին արգելափակվել կամ կոտրվել, ինչպիսիք են Basta.info-ն եւ Youksalich Namina-ն:
2019 թվականի աշխարհի մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 166-րդ տեղը: Մի շարք քննադատական ԶԼՄ-ները փակ են, հիմնական անկախ լրատվական կայքերը արգելափակված են, եւ առնվազն վեց լրագրող այժմ գտնվում է բանտում, նշվում է հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ