News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ռուսաստանում ծառայության ընթացքում եղել է միջադեպ, իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել եւ ես հայտնվել եմ այդ միջադեպում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն,  անդրադառնալով երեկ մաուլում իր մասին հրապարակումներին, ըստ որոնց թաքցրել է իր դատված լինելու փաստը: Պապիկյանը դժգոհել է, որ նախկին բարձրաստիճան իրավապահներն են արտահոսքն արել՝ իրեն վարկաբեկելու նպատակով։

Եթե Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը, 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Պապիկյանի հայտարարությունը մամուլում որակվել էր որպես ակնարկ՝ ուղղված Վանեցյանին ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Վանեցյանը հավելել է, որ այս իշխանությանը բնորոշ է մանիպուլյացիաների ու կեղծիքի օգնությամբ իրենց նկատմամբ կարեկցանք հարուցելն ու հանրության ուշադրությունը բուն խնդիրից շեղելը:

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ հունվարի 31-ին 1000 դոլար կաշառք վերցնելիս Երեւանի պետական համալսարանի դասախոս է բռնվել ու բերման է ենթարկվել։ Նա խոստովանել է հանցանքը: ԱԱԾ-ն նաեւ պարզել է, որ դասախոսը Անցած երեք տարիներին մի շարք քաղաքացիներից ստացել է 1000-ից մինչեւ 8000 դոլար՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարություն է տարածել, որ ֆակուլտետի որեւէ դասախոս բերման չի ենթարկվել եւ ԱԱԾ հաղորդագրությունում շահարկման ենթատեքստ կա։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին պաշտպանի ներկայացրած միջնորդությունը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշմամբ` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 2 ամսով կալանավորումը: Վերմիշյանը կալանքի տակ է, իսկ նույն գործով անցնող Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը գրավով ազատության մեջ է։

Մեր սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք կունենանք 2035 թվականին, որովհետեւ նախորդ կառավարության ներկայացուցիչները որոշակի մանիպուլյացիաների արդյունքում ընտրել են ՍԴ նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչեւ այդ թվականը, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում նախօրեին կազմակերպված քննարկման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար», ասել է նա:

Արդեն անհանդուրժելի են դառնում գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից տարածվող ստերը, որոնք արդեն նա հասցրել է Գերմանիա, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը եւ շեշտել, որ դրանք պետք է հերքվեն հենց անձամբ Փաշինյանի կողմից։ Բաբայանը ծրագրում է իրավական գործընթաց սկսել այս ուղղությամբ։

Հայաստանում իշխանության եկած խմբի համար մինիմում ծրագիրը երկրում քաոսի ստեղծումն է, «Քաղտնտեսություն» հետազոտական ինստիտուտի կազմակերպած  քննարկման ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա` տեղի ունեցողը նույնիսկ ոչ թե  նեոբոլշեւիզմի, այլ` ինչ-որ աղանդի պահվածք է հիշեցնում: Սա քաղաքակրթական սպառնալիք է, քաղաքակիրթ երկրներում դժվար է նման մի բան գտնել,- շեշտել է Ալավերդյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ «Այո» կողմի հաղթանակը հանգեցնելու է ոչ միայն դատարանի անաչառության եւ օբյեկտիվության, այլ նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման, համոզված է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը չի պատրաստվում մասնակցել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին: Նրա խոսքով՝ չմասնակցելը եւ «ոչ» ասելը գործնականում համարժեք են: Հարությունյանը չի մասնակցելու, քանի որ «ոչ» ասելը նշանակում է չընդունել այն բովանդակային կերպով:

Տեղի է ունենում պետական հանցագործություն, արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ քաղաքական իշխանությունը, որ շրջանառության մեջ էր դրել այլ օրենսդրական փաթեթ, հասկացավ, որ թույլ է տալիս հանցագործություն, սկսվեց  ժողովրդի անվան շահարկումը և հանրաքվեի ինստիտուտը բերվեց օրակարգ։

Նույնիսկ իշխանության մեջ գտնվող անձինք ընդունում են, որ իրենք հակասահմանադրական ուղիով են գնում, հայտարարել է փաստաբան Լուսինե Սահակյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը ոտնահարվում է խայտառակ ձեւով։ Քաղաքացին, նրա խոսքով, պետք է հասկանա, որ ինքը չի գնում «Ոչ» ասելու Հրայր Թովմասյանին կամ ՍԴ 7 դատավորներին, նա «Ոչ» է ասում անկախ Սահմանադրական դատարանին։

Մենք ժողովրդի կամքը ֆետիշացնում ենք, այլասերված կերպով ենք ներկայացնում, որ ամեն ինչ ժողովուրդն է որոշում, եկեք ժողովրդին հարցնենք…  Դա ժողովրդավարական, իրավական պետությանն անհարիր բան է, բայց նաեւ այդ նույն ժողովրդին խաբելու միջոց է, ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: Մենք պետք է փորձենք հասարակությանը ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել իր հետ, ինչ է իր գլխի գալիքը, ասել է Վարոսյանը:

«Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ այժմ իշխանությունը դե ֆակտո ներկայացնում է մեկ մարդ, իսկ դատական համակարգում ոչ մեծ օազիս է մնացել: Հետագա զարգացումներում Հակոբյանը անսպասելի շրջադարձերի հավանականությունը մեծ է համարում։

Հանրաքվեի նախաձեռնության հետեւանքներն այնքան մասշտաբային կլինեն, որ անհրաժեշտ կլինի առնվազն տասնամյակ դրանք վերացնելու համար, նույն քննարկմանն ասել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:

«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացին, կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները, որոնք իմի է բերել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մենք եղել ենք մի դաշինքի մեջ, որն ընդդեմ նախկին իշխանությունների է եղել եւ հանուն փոփոխությունների։ Այդ փոփոխություններից հետո ամեն մեկս գնացել ենք մեր ճանապարհով, Ազգային ժողովի ճեպազրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` աանդրադառնալով Փաշինյանի կուսակցության հետ «Ելք» դաշինքում համագործակցությանը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն 2019 թվականին պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձինք եւ այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգեւավճար, Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ապա հավելել. «Աղետի գոտի՞, տնակնե՞ր, աղքատությու՞ն․․․ չէ, չենք լսել: Ընդամենը 1 տարում հնարավոր էր լուծել Գյումրիի, Սպիտակի եւ այլ վայրերում անտուն մարդկանց խնդիրը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով եւ  կազմել 479.05 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.84 դրամով ու կազմել  519.53 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.89 դրամով ու հասել 624.39 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել  7.54 դրամ։

Հայաստանում փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կնվազի 3-5, 16-17-ը կբարձրանա 6-8 աստիճանով։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -7-9, վաղը ցերեկը՝ +1+3։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ