News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցը, որը իշխանությանը ոչ հաճո տեղեկություններ է հրապարակում, միշտ էլ իշխանության աչքի փուշն է՝ կախված նրանից, թե ով ինչպես է պայքարում այդ լրատվամիջոցների դեմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական, հասարակական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ ժամանակները փոխվել են, ձեւերը մնացել են նույնը:

Նա ընդգծեց, որ հեռուստաընկերությունները մնացած լրատվական ընդհանուր դաշտից մի քիչ դուրս են, որովհետեւ հայկական հեռուստաեթերը ապաքաղաքականացված է, ապահասարակայնացված է, ապամշակութայնացված է. «Շառից-փորձանքից հեռու մտածելակերպով եթերի առյուծի բաժինը երկրի հասարակական, քաղաքական հարաբերությունների հետ կապ չունի:

Մեր երկրում լուր արտադրողը փոխվել է. այլեւս լրագրողը չէ, որ լուր է արտադրում, հեռուստատեսությունը չէ, որ լուր է արտադրում: Մենք պարզապես սպառողներն ենք այն վիրտուալ ուղիղ եթեր-իրականության, որը մեզ հրամցնում են երկրի վարչապետը, տարբեր պաշտոնյաներ, կառավարությունը: Մենք դարձել ենք դա ուղղակի վերադարձնելու հասարակությանը: Անիմաստ միջնորդ-օղակն ենք դարձել, որովհետեւ հասարակությունը սպառում է հենց առաջին ձեռքից, վարչապետի կամ այս կամ այն պաշտոնյայի ֆեյսբուքյան էջից»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ում վերջին երկու տարիներին ժողովրդավարության, թափանցիկության, կառավարության եւ իշխանության հասանելիության, հասարակությանը հաշվետվողականության օրենքն է ոտնահարվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Այն բարձիթողի վիճակում է: Դիցուք, վարչապետը ֆեյսբուքում գրառում է արել, որ տվել անցել ենք Վրաստանին էլ, Ադրբեջանին էլ: Այդ լուրը ժամը 9-ի լուրերում հաղոդրվեց, դրանից 20 րոպե հետո վարչապետն ուղղեց իրեն, որ Ադրբեջանին դեռ չենք անցել, բայց կանցնենք, բայց արդեն տեղեկատվությունը գնացել էր»:

Գեղամ Մանուկյանը նկատեց, որ հեռուստաընկերությունները մյուս լրատվամիջոցների համեմատությամբ անհավասար վիճակում է հայտնվել:  «Մենք սահմանփակված ենք «Հեռուստատեսության, ռադիոյի մասին» օրենքով, «Գովազդի մասին» օրենքով, այլ օրենքներով: Դրա հետ մեկտեղ օրենքներ խախտելով ինտերնետային TV_ն տեղափոխվել է կաբելային հեռուստաընկերությունների դաշտ: Ընդ որում, կան դեպքեր, երբ 100 տոկոսանոց օտարերկրյա ֆինանսավորմամբ ինտերնետային TV-ն, ռադիոկայաններ են հեռարձակվում: Իհարկե, ձեւը գտել են օրենքը շրջանցելու, բայց այստեղ ստեղծվել է անհավասար պայման: Ինտերնետային TV_ն կարող է անսահմանափակ գովազդ դնել, ես չեմ կարող, ինտերնետային հեռուստաալիքի լրատվությունը կարող է լինել բոլոր օրենքները շրջանցող, հեռուստաընկերությունը՝ ոչ»,-նշեց նա:

Նա ընդգծեց՝ հարկատուները վճարում են, որ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրի տեղեկատվություն երկրի բարձրաստիճան պաշտոնյանի գործուղումների մասին, մինչդեռ դրանց մասին ավելի հաճախ հայտնում են ֆեյսբուքյան գրառումների եւ ուղիղ եթերների տեսքով. «Վարչապետի ֆեյսբուքյան էջն ինձ համար հիմք չէ: Այնտեղ կարող է ուղիղ եթերը կանգնել, խմբագրվել, ջնջվել, ինչպես հաճախ է, լինում: Ես՝ որպես քաղաքացի, պետք է ստանամ պաշտոնական տեղեկատվություն, որը չեմ ստանում»:

Վերջինս նշեց նաեւ, որ մեր երկրում բանական, ուղեղ ունեցող մարդու փոխարեն ստեղծվում է արհեստական համակարգչային մարդ, որը շատ հաճախ ղեկավարվում է իշխանության կողմից. «Մենք պարտվում ենք որպես հասարակություն»,-ամփոփեց Գեղամ Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ