News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մեր զինվորն այսօր ավելի վատ վիճակում է, նա կանգնած է գնդակի տակ  ու պարզ չէ, թե որ կողմից է այդ գնդակը ստանալու, կառավարության դիմաց հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում գրանցված սպանությունների եւ ինքնասպանությունների աճին։  Ըստ նրա՝  իրավապահ մարմինները ստում են, երբ պնդում են, թե իրենք այս գործերի 90 տոկոսը բացահայտել են, այդ գործերի մեծ մասը թերի է բացահայտված կամ առհասարակ բացահայտված չէ, եւ նաեւ դա է պատճառը, որ բանակում նորից մահվան դեպքեր են գրանցվում։ Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել կառավարություն, որով փետրվարի 20-ին հանդիպում են պահանջել  վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների հետ։

Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ եւ խնդրին վերաբերվել մեծ պատասխանատվությամբ, Aravot.am-ին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ներբանակային զարգացումները  երկրում ստեղծված մթնոլորտի հետեւանքն են։ «Ճամբարների կիսված, պառակտված, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։ Բանակը PR-ի տեղ չէ, չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, չի՛ կարելի արժեզրկել եւ ուղղորդված արշավ տանել Արցախի գեներալների դեմ, նրանց անվան շուրջ դավադրության տեսություններ հորինել: Եվ վերջապես՝ ամենացավոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի եւ Արցախի մեջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է», ասել է Վանեցյանը։

Զինված ուժերում մահվան դեպքերի առնչությամբ վարչապետ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ուժային եւ իրավապահ կառույցների ղեկավարներ։ Զեկուցվել է մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի ընթացքի մասին: Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել Բանակում քրեական ենթամշակույթի եւ կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը եւ ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման անհրաժեշտությունը: Նշենք, որ այս տարվա սկզբից բանակում խաղաղ պայմաններում արդեն 14 մահ է գրանցվել։

Փետրվարի 15-ից հայ հանրությունը քննարկում է Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիեւ դեբատը։ Ի պատասխան  Ղարաբաղի՝ իբր  բնիկ ադրբեջանական տարածք լինելու այսպես կոչված պատմական փաստերին, Փաշինյանն ասել է, որ եթե նախագահ Ալիեւն ուզում է խորանալ պատմության մեջ, ապա հայոց թագավոր Տիգրան Մեծի ժամանակներում Հարավային Կովկասում Ադրբեջան անվանումով երկիր գոյություն չի ունեցել։ Ըստ վարչապետի՝ Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին եղել է Ստալինի անձնական նախաձեռնությունը։ «Ղարաբաղը երբեք անխկախ Ադրբեջանի մաս չի եղել»,- հիշեցրել է նա։

Քաղաքագետների ու վերլուծաբանների զգալի մասն անտեղի է համարում պատմական անցյալին հղումները, քննադատում  վարչապետի ժեստերը, վատ անգլերենը, նշում, որ պետք չէր կմկմալ եւ կիսատ-պռատ արձագանքել վտանգավոր արտահայտություններին։ Վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում» և ընդդիմադիրներին անվանում շնագայլեր, բորենիներ և այլն, Ադրբեջանի՝ «բարեկիրթ» առաջնորդի մոտ, միջազգային հանրության առջև, կարծես արդարանում էր արցախյան հարցով, գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Քաղաքագետ, փիլիսոփայության դոկտոր Ալեքսանդր Մանասյանը համարում է, որ հայկական կողմի հայտարարությունները այնքան էլ համոզիչ չէին: «Տիգրան Մեծի եւ Հայաստանում հեղափոխության մասին Փաշինյանի պատմական փաստարկները թույլ էին»,- կարծում է փորձագետը` նշելով, որ նույնիսկ հաղորդավարն էր տարակուսած: Իմաստ չուներ խորանալ պատմության մեջ, ինչպես դա արեց Փաշինյանը, քանի որ տվյալ դեպքում իրավական ասպեկտները ոչ պակաս կարևոր էին, քան պատմական փաստարկները»,- շեշտել է քաղաքագետը:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ֆեյսբուքյան իր էջում Բաբայանը պարզաբանել է, որ  մտադիր է  իր գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնել մեկ այլ ազգօգուտ գործում։

Հանկարծամահ է եղել անվանի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։ 1989 թվականից Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Իր լուսանկարներում Գերման Ավագյանը անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին։

Լրատվամիջոցը, որն իշխանությանն անհաճո տեղեկություններ է հրապարակում, միշտ էլ իշխանության աչքի փուշն է, ժամանակները փոխվել են, ձեւերը՝ մնացել  նույնը, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկմանն ասել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ մեր երկրում բանական ու մտածող մարդու փոխարեն ստեղծվում է արհեստական համակարգչային մարդ, որը կառավարելի է իշխանության համար։ «Մենք պարտվում ենք որպես հասարակություն»,-ասել է նա:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշել է, որ երբ հեղափոխությունից հետո սոցցանցերում սկսվեցին հարձակումները լրատվամիջոցների վրա, իրենք սին հույս ունեին, որ դա կարճ կտեւի։ «Մենք ասում էինք, որ իշխանությունը պետք է դուրս գա ֆեյսբուքներից եւ սկսի աշխատել, երկիրը տեղափոխել կառուցողական հուն, որ ֆեյսբուքը մի օր կարող է ձեր դեմ աշխատել, սակայն մեզ չլսեցին»,- նշել է Օհանյանը: Նա հայտնել է, որ Սուրեն Պապիկյանի՝ դատվածություն ունենալու մասին նյութի հետ կապված գործ է հարուցվել։

«5-րդ ալիքի» նկատմամբ արշավանքը վաղուց է սկսվել, դեռ անցած տարվա կեսերին վարչապետի աշխատակազմից զանգահարելով, մեզ մեղադրեցին, որ չենք լուսաբանել վարչապետի փայլուն այցը Չինաստան, ընդամենը ցույց ենք տվել բադ ուտելու պրոցեսը», ասել է «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը, հավելել, որ իրենք պարզաբանել են, որ իրենց լրագրողը չի ուղեկցել վարչապետին, լուրը հաղորդելիս օգտվել են վարչապետի ֆեյսբուքյան էջից, սակայն իրենց մեղադրել են հակաքարոզչության մեջ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանը կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։  NEWS.am-ին հայտնել է փաստաբան Մուշեղ Առաքելյանը։  Հիշեցնենք, որ Վերմիշյանից բացի, մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։

Ակնհայտ է, որ վեց հարյուր հատորանոց գործը, որը չեն տրամադրում պաշտպանական կողմին լույս չի սփռելու 2-րդ նախագահի ու մյուսների գործի վրա, քանի որ հիմա եղածով էլ պարզ է՝ քրեական գործի հիմքը բացակայում է,  ֆեյսբուքում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝  ուղղակի թաքցվում են հանգամանքներ, որ այսօրվա մի շարք դերակատարներ ոչ միայն մաքրեն իրենց խիղճը, այլ նաեւ վերախմբագրեն պատմությունը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ՝ 479.05 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.10 դրամով ու կազմել  519.43 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.24 դրամով ու հասել 624.63 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու կազմել  7.57 դրամ։

Հայաստանում փետրվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ 5-ից 7 աստիճան 0-ից բարձր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ