News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան համերաշխություն է հայտնել Կիպրոսին՝ Թուրքիայի կողմից կիպրոսյան ջրերում բնական գազի որոնումների հետ կապված իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին` նշելով, որ Ֆրանսիան աջակցում է «ուժեղ ճնշման» տակ հայտնված Կիպրոսին, փոխանցում է Associated Press-ը:

«Ֆրանսիան Կիպրոսի բարեկամն է»,- ասել է Փարլին Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ բանակցություններից հետո: «Մենք նաև հայտնում ենք մեր համերաշխությունը Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցողի կապակցությամբ»:

Թուրքիան նավեր էր ուղարկել հորատումների համար այն ջրերում, որտեղ Կիպրոսը բացառիկ տնտեսական իրավունքներ ունի, այդ թվում նաեւ` այն տարածքներում, որտեղ Կիպրոսի կառավարությունը թույլտվություններ էր տվել Total եւ Eni ընկերություններին` հետախուզական հորատման համար:

Կիպրոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները եւ որպես իր ինքնիշխան իրավունքների եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է որակել: ԵՄ-ն եւս մեղադրել է Թուրքիային հորատման համար:  Թուրքիան, որը Կիպրոսը չի ճանաչում որպես պետություն, հայտարարում է, որ գործում է անջատողական թուրք կիպրոսցիների պաշտպանության եւ իրավունքների համար:

Փարլին նշել է, որ Ֆրանսիան երախտապարտ է Կիպրոսին` տարածաշրջանում ֆրանսիական ռազմածովային գործողություններին աջակցելու համար` թույլ տալով ֆրանսիական նավերին համալրել պաշարները Կիպրոսի նավահանգիստներում:

Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կայցելի «Շառլ դե Գոլ» ավիակիրը, որը մեկնում է Կիպրոսից` «Իսլամական պետություն» խմբավորման թիրախների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու համար:

Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Պայանոտիս Սենտոնասը հայտնել է, որ Փարլին Կիպրոսի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները, հատկապես` պաշտպանական ոլորտում:

Այս ամսվա սկզբին Կիպրոսը հայտարարել էր, որ ֆրանսիական ընկերությունների հետ ընդհանուր 240 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրեր է կնքել սպառազինական համակարգերի մոդերնիզացման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ