News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ոստիկանության մասին օրենքի մի դրույթ։ Քննության առարկան Վարչական դատարանի դիմումի հիման վրա ոստիկանության ծառայողի կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի մասով սահմանադրության համապատասխանության հարցն էր։ Նիստին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանը եւ ԱԺ ներկայացուցիչը, բացակայում էր Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը։

Վերջին 6 ամիսներին մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ, լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։ «Հեռուստացույցը միացնում ենք՝ մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի, պետք է հարգել պետական ինստիտուտը», ասել է նա։ Ընտրությունները կեղծելու կամ կեղծված արդյունքները դակելու մասին տարածվող լուրերին արձագանքելու համար Թոխյանը խոստացել է ասուլիս հրավիրել։  Մեզ կարելի է մեղադրել միայն, որ մեր արած գործը ժողովրդին լավ ցույց չենք տվել, ասել է Թոխյանը եւ մի քանի օրինակ բերել։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայացել թարգմանչի բացակայության պատճառով: Թարգմանիչն օգնում է ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին՝ հասկանալ դատարանում կատարվողը։ Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 25-ին

«Ես պնդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անպօրինի է եւ անհիմն»- լրագրողներին ասել է փաստաբան Հայկ Ալումյանը:

Հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին ոչ մի կերպ չեմ պատրաստվում միանալ, հայտարարել է երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե մասնակցելու է արդյոք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» գործով հերթական դատական նիստին շարունակվել է գործով վկաների հարցաքննությունը։ Հիշեցնենք, որ «Ֆլեշի» նախագահ Բեգլարյանին եւ նույն ընկերության «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել։ Ավելի վաղ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ նախաձեռնությանը միացել է 61 իրավաբան:

«Ոչ»-ի կողմ ձեւավորելու նպատակը հանրաքվեի արդյունավետությունն ու վերահսկելիությունն ապահովելն է, ասել է «Ոչի» նախաձեռնողներից իրավապաշտպան Արսեն Բաբայանը, հորդորել իրենց քաղաքական ուժերի հետ չդիտարկել, եւ ավելացրել, որ հարթակ են տալու բոլոր նրանց, ովքեր «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան»։

Այսօր քաղաքական այլախոհությունը դարձել է իշխանության թշնամին, լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ ատելության մթնոլորտի համար իշխանությունն է պատասխանատու։

Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին եւ որեւէ տարաձայնություն համատեղ աշխատանքում չի եղել՝ չհաշված աշխատանքային քննարկումները,  ինչը շատ հաճախ ներկայացվում են որպես խորը հակասություններ, Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Եթե սկզբունքային խնդիրներ առաջանան, ես կարող եմ հրաժարական տալ, նշել է նա:

Բանակում կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես հրամանագրեր կլինեն, ավելացրել է Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին:

Որ բանակում պաշտոնանկություններ կլինեն, կասկած չունենաք, վստահեցրել է Պաշտպանության և անվտանգության  հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գեւորգ Բաբայանի գործունեության առնչությամբ, Երեւանի  քաղաքապետարանից ստացված գրությունից հետո ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Բաբայանը երեկ էր աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել, նշելով, որ անցնում է մեկ այլ հայրենանվեր գործի։ Ըստ մամուլի, նա երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով եւ կազմել 478.95 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.06 դրամով ու կազմել  518.37 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.25 դրամով ու կազմել 622.40 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել 7.51 դրամ։

Հանրապետության տարածքում փետրվարի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 +1, վաղը ցերեկը` +8 +10 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 03.04.2020
Ապրիլի 3-ին՝ 0 ժամ 35-ի սահմանում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կզակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 02.04.2020
Կորոնավիրուսից մահացածների թիվը Հայաստանում հասավ հինգի...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 01.04.2020
Հայաստանում ապրիլի 1-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է գրանցվել...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 31.03.2020
Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 30.03.2020
Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցներից այսօր 3 զինծառայող է վիարվորվել...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 27.03.2020
Այս պահին ունենք 329 հաստատված դեպք, 28 բուժված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ