News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կվաճառի մոտ 40 տարի առաջ իր հիմնադրած Bloomberg LP մեդիա ընկերությունը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով միլիարդատիրոջ նախընտրական շտաբին:

Ստացած տեղեկության համաձայն՝ Բլումբերգը մտադիր է նոյեմբերին նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում իր ձեռնարկությունը փոխանցել թրասթային ֆոնդի կառավարման՝ բիզնեսը վաճառելու վերջնանպատակով: Փորձագետների կարծիքին հղում անելով՝ պարբերականը գործարքի արժեքը գնահատում է 60 մլրդ դոլար:

Շտաբի դիրքորոշումը

Միլիարդատիրոջ շտաբի ներկայացուցիչ Թիմոտի Օ՛Բրայենը բացառել է Bloomberg LP-ի վաճառքի հնարավորությունը ուղղակի ներդրումներով զբաղվող օտարերկրյա սուբյեկտի կամ ընկերության:

«Մենք ցանկանում ենք ֆինանսական [եւ ծառայողական] շահերի բախման հարցում Դոնալդ Թրամփից 180 աստիճանով [տրամագծորեն] տարբերվել»,- Associated Press գործակալությանն ասել է Օ՛Բրայենը: «Մեր կարծիքով՝ իր ֆինանսական շահերից Թրամփի չսահմանազատվելը նրա նախագահության բիծն է»,- հավելել է նա:

Պատմական նախադեպ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն (ԴԿԱԿ) փոփոխություններ է կատարել համազգային հեռուստաբանավեճերի անցկացման կարգում, ինչը Բլումբերգին թույլ է տալիս մասնակցել դրանց: ԴԿԱԿ-ն չեղյալ է հայտարարել բանավեճերին միայն այն թեկնածուներին թույլ տալու կանոնը, որոնք կարողացել են նախընտրական քարոզարշավի անցկացման համար դրամական նվիրատվություններ հավաքել նվազագույնը 225 հազար մարդուց: Սկզբունքորեն Բլումբերգն իր քարոզարշավը ֆինանսավորում է սեփական միջոցներով:

NBC հեռուստաընկերության եւ The Wall Street Journal պարբերականի պատվերով փետրվարի 14-17-ն անցկացված հանրային կարծիքի հարցման համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի մնացյալ հավակնորդների թվում Նյու Յորքի նախկին քաղաքապետը հանրաճանաչության մակարդակով (14 տոկոս) զբաղեցնում է երրորդ տեղը՝ այն կիսելով Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենի հետ (14 տոկոս): Բլումբերգն այս ցուցանիշով զիջում է միայն Վերմոնթից սենատոր Բեռնի Սանդերսին (27 տոկոս) եւ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին (15 տոկոս):

Միլիարդատեր թեկնածուի մասին

Միլիարդատիրոջն է պատկանում Bloomberg LP-ի 88 տոկոսը, որի եկամուտներն անցյալ տարի աճել են 5,7 տոկոսով՝ հասնելով գրեթե 10,5 մլրդ դոլարի: Այս մեդիա ընկերությունը լուրեր եւ տեղեկություններ է տրամադրում շուրջ 325 հազար հաճախորդների:

Քաղաքական գործիչը նախընտրական մրցավազքի մեջ է մտել 2019 թվականի նոյեմբերին՝ լրատվամիջոցներում քարոզչության համար ծախսելով արդեն 385 մլն դոլարից ավելի: Forbes-ի վերջին գնահատմամբ՝ նախկին քաղաքապետի կարողությունը  հասնում է գրեթե 63 մլրդ դոլարի: Նրա ընկերությունը կենտրոնացած է տնտեսությանը, առողջապահությանը, ներգաղթին եւ հասարակական վայրերում հրաձգությունների դեպքերի կանխմանն առնչվող հարցերի վրա:

ԱՄՆ նախագահական 59-րդ ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ