News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ:

Վարչապետին ներկայացվել են փառատոնի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները եւ միջոցառման բաղադրիչները: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվում է փառատոնն անցկացնել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում, 2020 թ. հունիսի երկրորդ շաբաթ օրը: Նախատեսվում է փառատոնի շրջանակում անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու է մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը եւ արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման եւ զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան-ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը եւ պատմությանը վերաբերող վարպետության դասեր: Նախատեսվում է նաեւ ունենալ Արագածոտնի մարզի համայնքների գոտի, որտեղ համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքը, բնորոշ ավանդույթները, մշակույթը, խոհանոցը: Փառատոնի կազմակերպչական հարցերի պատասխանատուն «Արենի փառատոն» հիմնադրամն է: Վերոնշյալ հարցերի կապակցությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք որոշեցինք, որ 2020 թ. հունիսի 13-ից Հայաստանում նոր փառատոն կհիմնադրվի, եւ այդ փառատոնի պաշտոնական անվանումը կլինի «Զարկ ֆեստ», իսկ ոչ պաշտոնական անվանումը՝ յարխուշտայի փառատոն: Մենք շատ ենք կարեւորում մեր ժողովրդի ավանդույթների, մշակութային ավանդույթների եւ արժեքների քարոզչությունն ու գործնական տարածումը մեր իրականության մեջ, եւ մենք պետք է կարողանանք հստակ սահմաններ գծել, թե որն է մեր ազգայինը, որոնք են մեր ինքնության հետ կապված արժեքները, որոնք՝ ոչ: Այս առումով կարծում եմ, որ հայկական պարարվեստն իսկապես այն երեւույթներից է, որ մենք վստահ կարող ենք դնել ազգային արժեք վերնագրի ներքո: Եվ այդ առումով, կարծում եմ, որ յարխուշտան մեր ազգային էությանը եւ ինքնությանը շատ հարիր եւ ամենաբնորոշ պարերից է ու մեր անելիքների, ոգու հետ կապված շատ մեծ էներգիա է պարունակում: Այս առումով կարծում եմ, որ վերջին ամիսներին աշխատանքը, որ արել ենք, պետք է դառնա շատ կարեւոր մի իրադարձություն, ընդ որում՝ ամենամյա իրադարձություն, երբ ամեն տարի հունիսի երկրորդ շաբաթ օրը մենք Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում կունենանք «Զարկ ֆեստ»-ը: Ընդ որում, տեղն էլ պատահաբար չէ ընտրված՝ Թալինի տարածաշրջանը, որը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, եւ գիտենք, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ: Մենք, ըստ քիչ առաջ քննարկված հայեցակարգի, կունենանք նաեւ ամենամյա մրցութային ծրագիր: Կարծում եմ, որ այդ մրցութային ծրագրի արդյունքում կունենանք հաղթողներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղ, որոնք նաեւ որոշակի պարգեւներ կստանան: Բացի այդ, դա լավ տեղ, լավ միջավայր կլինի, որպեսզի մեր հայրենակիցները, օտարերկրացի զբոսաշրջիկներն իրենց օրն անցկացնեն այդտեղ: Փառատոնն անցկացվելու է պատմաճարտարապետական հուշարձանի՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում:

Ես համոզված եմ, որ մենք իսկապես կունենանք շատ նշանային եւ կարեւոր մի իրադարձություն, որը կարտահայտի նաեւ մեր քաղաքական ռազմավարությունը՝ մեր ազգային ինքնության հարցում լինել առանձնահատուկ նախանձախնդիր եւ մեր ինքնությունը ոչ միայն պահպանել, ոչ միայն մեր ինքնության կորսված կամ կորսվող բաղադրիչները վերականգնել, այլեւ զարգացնել այն առումով, որ դրանք դառնան համատարած եւ մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը: Սա գոյություն ունեցող էլեմենտներից, միջոցառումներից դեռեւս մեկն է: Այնպես որ հաջողություն եմ մաղթում բոլորիս, եւ կարող ենք արդեն վստահ հունիսի երկրորդ շաբաթ օրը մեր բոլոր հայրենակիցներին եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին հրավիրել Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղ եւ, իհարկե, բոլոր յարխուշտա պարողներին հրավիրել՝ ի ցույց դնել իրենց արվեստը եւ արդար մրցակցության մեջ հաղթել»:

Վարչապետը կարեւորել է փառատոնի անցկացումը եւ հանձնարարել դրա պատշաճ կազմակերպման համար շարունակել աշխատանքները համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորման, ինչպես նաեւ բարելավման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ