News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շվեդիայի իշխանությունները շուտով կարող են փակել վարչապետ Ուլոֆ Պալմեի 1986թ․ սպանության գործը։ Երկրի գլխավոր դատախազը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ինքը մեղադրանք կառաջադրի կամ կփակի գործը։

Պալմեն 1986թ․ փետրվարին կնոջ հետ կինոթատրոնից դուրս գալիս գնդակահարվել էր Ստոկհոլմի կենտրոնում։ Նրա մահը դավադրության բազմաքիվ տեսությունների պատճառ է դարձել։ Reuters-ը նշում է, որ առաջվա պես մտահոգություն է զգացվում այն առումով, որ ոստիկանությունը չկարողացավ բռնել մարդասպանին, սակայն դատախազ Կրիստեր Պետերսոնը հույս է հայտնել, որ գործը կարող է բացահայտվել՝ հայտարարելով, թե ինքը մոտ է հետաքննության ավարտին։

«Այժմ մենք աշխատում ենք շատ հետաքրքիր ուղղությամբ, եւ իմ նպատակն է, որ 2020թ․ առաջին կեսի ընթացքում կարողանանք որոշում կայացնել այն մասին, թե շարունակենք արդյոք հետաքննությունը»,- հայտարարել է Պետերսոնը,- Ես նախկինի պես վստահ եմ, որ մենք կարող ենք ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել 1986թ․ փետրվարի 28-ին։ Ինչ է տեղի ունեցել սպանության ժամանակ եւ ով է մեղավորը»։ Նրա խոսքերով՝ շատ հավանական է, որ հետաքննությունը դադարեցվի առանց դատական հետապնդման։ Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, եթե կասկածյալն արդեն մահացած է։

Դատախազի մեկնաբանությունները նոր սպեկուլյացիաներ են առաջացրել մարդասպանի անձի եւ այն մասին, թե կարող էր արդյոք Պետերսոնն այսքան տարի անց նոր ապացույցներ գտնել։ Մասնավորապես, զենքը, որով կատարվել էր սպանությունը, այդպես էլ չեն գտել։

Սոցիալ-դեմոկրատ Ուլոֆ Պալմեն Շվեդիայի վարչապետ է եղել 1969-1976 թվականներին, այնուհետեւ՝ 1982-1986 թվականներին։ Պահպանողականները չէին սիրում նրան հակագաղութատիրական հայացքների եւ Միացյալ Նահանգներին քննադատելու համար։ Որոշ շվեդներ նույնիսկ հավատում էին, որ նա ՊԵԿ գործակալ է։

Պալմեի սպանության մեջ բազմիցս մեղադրել են քուրդ անջատողականներին, Հարավային Աֆրիկայի անվտանգության ծառայությանը եւ Հարավսլավիայի գաղտնի ոստիկանությանը, ինչպես նաեւ Շվեդիայի աջերին։

Նախկինում սպանության համար դատված, մանր հանցագործը, որ մեղադրվել էր Պալմեի սպանության մեջ, 1989թ․ ազատ էր արձակվել վերաքննիչ բողոքի հիման վրա։ Նա մահացել է 2004թ․։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ