News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը պաշտոնանկ են արվել։ Վարչապետի առաջարկով նախագահն է ստորագրել հրամանագրերը։ Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին բանակում բռնությունների դեպքերով պայմանավորված  մամուլում շրջանառվում էին բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնանկության լուրերը։

Ըստ որոշ աղբյուրների՝ Կարեն Աբրահամյանի փոխարեն Պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվելու նրա առաջին տեղակալ-Բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանը: Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան, Հարությունյանն ասել է. «Կլինի հրամանագիր, այն ժամանակ կխոսենք»։

Ջալալ Հարությունյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, կարմիր դիպլոմով ավարտել է Պետերբուրգի ռազմական ակադեմիան։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի ու էլի մի քանի նախկին պաշտոնյաների գործով դատական առաջին նիստը կսկսվի փետրվարի 25-ին, ժամը՝ 15-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելու, դրդելու, օժանդակելըու հոդվածով, իսկ Սերգո Կարապետյանին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման հոդվածով:

Կրակոցներ են հնչել Արարատի մարզում. Սայաթ-Նովա գյուղում մի քանի օր առաջ դանակահարության դեպք էր գրանցվել, իսկ երեկ մի խումբ երեւանցիներ ժամանել են գյուղ եւ Րաֆֆու փողոցում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում էլ հնչել են կրակոցներ։ Ըստ Shamshyan.com-ի՝ գյուղացիների ահազանգից հետո Մասիսի բաժնի ոստիկանները ժամանել են բավականին ուշ։

«Մարտի 1-ի» իրադարձությունների վերաբերյալ Politik.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել։ Ամիսներ առաջ մի տեսանյութ արդեն հրապարակվել էր, որում երեւում է, որ ցուցարարների միջից մարտական զենք կրողներ եւ կրակողներ են եղել։ Այս տեսանյութից պարզվում է, որ Մաշտոցի պողոտայում, Պարոնյան եւ Լեո փողոցներում այլ զինված անձիք եւս եղել են։ Նրանցից մեկը ցուցարարների շարքերից դեպի ոստիկանության կողմ, դեպի օդ կրակահերթ է արձակում։ Երկու դեպքում էլ տեսանյութում պատկերված է մինչ արտակարգ դրություն հայտարարելը Երեւանում տիրող դրությունը։ Այդ կրակոցների տարածքում են գտնվել երեք զոհերը։

«Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով վկա Էդգար Սողոմոնյանը որոշել է խոսել։ Հիշեցնենք, նախորդ նիստին նա կտրականապես հրաժարվում էր պատասխանել որեւէ կողմի հարցի։ Նշենք, որ «Սասնա ծռերի» գործի անջատված մասով առաջինը ազատության մեջ է հայտնվել մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը, որն այս գործով վկայի կարգավիճակ ունի։  Այսօր նա հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքից, եւ որ ամբաստանյալ Արմեն Բիլյանը որեւէ մեկին չի կրակել, նրա ձեռքին զենք չի եղել։ Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։  ՊՊԾ գունդը զավթելու համար մեղադրվում է 32 անձ:

Պետք է գնանք եկամուտների համատարած հայտարարագրման ճանապարհով, լրագրողների հետ հանդիպմանն ասել է հայտնի տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով համահարթ  հարկմանը։ «Երբ խոսում ենք համահարթեցման, պրոգրեսիվ հարկման մասին, սա պետք է  վերաբերի ընդհանրապես եկամուտներին, ոչ թե կոնկրետ աշխատավարձի տեսքով ստացված եկամուտներին»,- նշել է Ասատրյանը:

Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների. Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ պետք չի դրանք սպասել մինչեւ 2024 թվականը: «Զարգացրեք դատական համակարգը եւ ես ձեզ խոստանում եմ, որ ներդրումները  կավելանան»,- ասել է նա։ Ասատրյանը խոսել է նաեւ բյուջեի մասին, ընդգծել, որ եկամուտների, նախաատեսվածից ավելի բարձր աճի պարագայում, ունենք ծախսերի թերակատարում։

Մինչեւ հիմա բալային համակարգով ոչ ոք չի զրկվել վարորդական իրավունքից։ ֆեյսբուքյան լայվով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ ժամանակին ասել է, թե Հայաստանի քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ։ «Մենք նկատի ունեինք, հին համակարգով պետությունը վարորդին ասում էր՝ փողը վճարի ու ինչքան ուզում ես՝ խախտի։ Հիմա երթեւեկության առավելագույն տուգանքը 29 հազար դրամ է»,- ասել է Փաշինյանը։ Ըստ նրա՝  փետրվարի 18-ի դրությամբ 311 վարորդ է զրկվել վարորդական իրավունքից, սակայն նրանցից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել։  Ըստ Փաշինյանի՝ բալերից զրկվելու հետևանքով վարորդական իրավունքից մարդկանց մի մասը կզրկվի, թերեւս, մարտի վերջին-ապրիլի սկզբին։ Եվ հենց այդ ժամանակ հնարավոր կլինի մանրակրկիտ վերլուծել և անհրաժեշտության դեպքում, վարչապետի խոսքով՝ «տյունինգ» անել բալային համակարգը։

Այսօր մի խումբ երիտասարդներ հիշատակի լուռ ակցիա են անցկացրել Գուրգեն Մարգարյանի կիսանդրու մոտ։ Հիշեցնենք, որ հայ սպան, քնած ժամանակ կացնահարվել է 2004-ին, ՆԱՏՕ-ի դասընթացի մեկ այլ մասնակից ադրբեջանցի Սաֆարովի ձեռքով։ Վերջինը ցմահ ազատազրկման է դատապարտվել, վեց տարի անց արտահանձնվել Ադրբեջան, որտեղ պատիվների է արժանացել։ 

Հայաստանում փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը: Օրվա ընտրությունը պայմանավորված է Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձով: Այդ օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ, մարդիկ փորձում են վերականգնել պատմական ավանդույթները ու աճող սերնդին գրքերի նկատմամբ սեր ներարկել: Կրթության նախարարն այսօր գիրք է նվեր ստացել իր դեմ ցույց անող երիտասարդ դաշնակցականներից, ինքն էլ ընթերցել է մանուկների համար։

Իսկ նախօրեին երիտասարդ Հանրապետականները «Հաղթանակ» զբոսայգում՝ Անմար կրակի մոտ մոմավառություն են կազմակերպել՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակին: Փետրվարի 18-ը  ԽՍՀՄ Հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրն է։ 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով ու կազմել 478.63 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.31 դրամով ու կազմել  517.06 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.11 դրամով ու հասել 622.51 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել  7.53 դրամ։

Վաղը մարզերի մեծ մասում, նաեւ Երեւանում  սպասվում են տեղումներ: Մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին տեղումները տեղ-տեղ կլինեն թաց ձյան տեսքով: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +3+5:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ