News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ փետրվարի 19-ին, ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվության ծառայությունից։

Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, որը մինչեւ այժմ զբաղեցնում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նշել է, որ մայրաքաղաքի ամենաշատ բազմաբնակարան շենքերն ունեցող շրջաններից մեկում հատկապես արդիական են վերելակային տնտեսության, մուտքերի եւ տանիքների վերանորոգման, ինչպես նաեւ կանաչապատման խնդիրները: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավարը կկարողանա հաջողությամբ կառավարել այս մարտահրավերները՝ համակարգային լուծումներ տալով: Քաղաքապետը նշել է նաեւ, որ առանցքային կարեւորություն ունի համատիրությունների աշխատանքի արդյունավետության խնդիրը:

«Ցավոք սրտի, համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել եւ դրա պատճառներից մեկը, թերեւս, եղել է այն, որ տասնյակ տարիներ շարունակ դրանք օգտագործվել են այլ նպատակներով՝ ներգրավել են ընտրությունների մեջ եւ այլն: Հիմա ժամանակն է վերանայել ամբողջ համակարգը: Ակնկալում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներից, թե ինչ պատկերացումներ ունեն այս առումով», - ասել է Հայկ Մարությանը։ Նա նաեւ ընդգծել է, որ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը պետք է բնակչության շրջանում լայն իրազեկման աշխատանքներ տանեն աղբի տեսակավորման գործընթացի վերաբերյալ, որը մեկնարկում է այս տարվանից:

Այնուհետեւ Հայկ Մարությանը մեկնել է Աջափնյակ, որտեղ ներկայացրել է վարչական շրջանի նոր ղեկավար Թելման Թադեւոսյանին: Մատնանշելով շրջանի հիմնական խնդիրները՝ քաղաքապետը այստեղ եւս կարեւորել է բնակչության իրավունքների եւ պարտականությունների իրազեկման խնդիրը: Քաղաքապետն անդրադարձել է նաեւ հատկապես Աջափնյակում արդիական վթարային շենքերի խնդրին:

«Աջափնյակը վատ իմաստով հայտնի է չորրորդ կարգի վթարային շենքերով։ Հասկանալի է, որ բազմաբնակարան շենքերը բնակիչների բաժնային սեփականությունն են, եւ եթե օրենքի տառին հետեւենք, ապա դրանց վիճակի, չորրորդ կարգի վթարային շենքերի դեպքում՝ վերաբնակեցման համար քաղաքային իշխանությունը պատասխանատվություն չի կրում: Կարող ենք ասել մարդկանց՝ ձեր գույքն է՝ դուք էլ տնօրինեք։ Բայց մենք, որպես կամավոր լիազորություն, վերցնում ենք այդ խնդրի մի մասը մեզ վրա. արդեն հողակտոր կա, որի վրա աշխատում ենք, ուզում ենք մեր ուժերով շենք կառուցել, Արզումանյան փողոցի վթարային շենքերից մարդկանց տեղափոխենք նորակառույց բնակարաններ եւ այդպես, շղթայական ռեակցիայով, շարունակենք մնացած շենքերի վերաբնակեցումը: Սա լավ մոդել կլինի այլ վարչական շրջանների համար։ Եվ այս առումով Աջափնյակը պիոները կլինի», - ասել է քաղաքապետը։

Հայկ Մարությանն անդրադարձել է նաեւ Աջափնյակում շահագործվող հանքերի խնդրին՝ նշելով, որ քաղաքային իշխանությունը ձգտում է հնարավորինս սահմանափակել մայրաքաղաքի տարածքում այս կարգի գործունեությունը եւ վերջերս մերժվել է նոր հանքի շահագործման հայտը:

Ինչ վերաբերում է ապօրինի շինարարության խնդրին, ապա, քաղաքապետի խոսքով, պետք է բոլոր օրինական մեթոդներով պայքարել այդ երեւույթի դեմ՝ խստիվ պատասխանատվության ենթարկելով այն մարդկանց, որոնք դժվարությամբ են ընկալում ներկա իրողությունները:

Տպել
Ամենաշատ