Վրաստանի նախկին վարչապետ եւ ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին ազատվել է 6 տարի 9 ամիս ազատազրկությունից հետո, իրադարձությունների վայրից փոխանցում է «Sputnik Գրուզիան»:
«Մերաբիշվիլիին բանտի մոտ դիմավորում են «Ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» եւ մի շարք այլ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու ակտիվիստները:
«Մենք այստեղ ենք եկել որպես նրա ընկերներ: Նա որոշում կընդունի եւ մեզ կասի, թե որ կուսակցությունում կհայտնվի»,- ասել է «Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» կուսակցության ներկայացուցիչ Թենգիզ Գունավան:
Փորձագետների գնահատմամբ՝ Մերաբիշվիլին Վրաստանում ամենահաջողված բարեփոխման հեղինակն է՝ նոր տեսակի ոստիկանության ստեղծման: Նրա պաշտոնավարման ժամանակ է հռչակվել հանցավորության հանդեպ զրոյական տոլերանտությունը, իսկ փողոցներում կարգը ապահովվել է գերբեռնված բանտերով, որտեղ քնելու տեղը չի բավականացրել, եւ դատապարտյալները երեք հերթափոխով են քնել: Մերաբիշվիլիի օրոք է սկսվել նաեւ պատերազմը «օրենքով գողերի» դեմ:
Մերաբիշվիլին կալանավորվել էր 2013 թվականի մայիսին: Նրան մեղադրանքներ էին առաջադրվել ռեզոնանսային 6 գործերով:
Նա դատապարտվել է գինու գործարանի անօրինական առգրավման, 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում ցույցը ցրելու, 2012 թվականի խորհրդարանի ընտրություններից առաջ ընտրողներին կաշառելու մեղադրանքներով, ինչպես նաեւ 2005 թվականին հատուջոկատայինների կողմից խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով եւ մեղավոր է ճանաչվել Գիրգվլիանիի սպանության գործով: Եվս մեկ գործ 2007 թվականի նոյեմբերին ցույցը ցրելու եւ «Իմեդի» հեռուստաալիքը ավերելու վերաբերյալ մինչեւ հիմա դատաքննվում է: