Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 20-ին, շարունակվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ եւս 7 քաղաքացու վերաբերյալ գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվում են գործով տուժողները։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։
Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։