News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կենդանաբանական այգում տուբերկուլոզի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի կենդանաբանական այգին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Փետրվարի 5-ին Երեւանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ ուղտերից մեկը, եւ կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի եւ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերաhսկողությամբ` անցկացվել է նաեւ այգու կենդանիների կլինիկական զննում եւ անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել: Իրականացվել է ուղտի անկման վայրում մեխանիկական մաքրում` խոտի, խնամքի պարագաների ոչնչացում այրման եղանակով, պահման վայրի եւ հարակից տարածքների ախտահանում, իսկ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիները ենթարկվել են տուբերկուլինիզացիայի: Արդյունքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենդանաբանական այգու կենդանիներին խնամող անձնակազմի շրջանում անցկացվել են համապատասխան հետազոտություններ: Որեւէ աշխատակցի մոտ թոքերի տուբերկուլոզի դեպք չի հայտնաբերվել:

Առաջիկա օրերին Երեւանի կենդանաբանական այգին կվերսկի իր գործունեությունը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Տպել
Ամենաշատ