News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Քրեական գործի փաստական հանգամանքները հաշվի առնելու դեպքում ՀՀ երրորդ նախագահի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով պետք է կայացվի արդարացման դատական ակտ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Տեսաք, թե ինչ մոտեցում է եղել այս քրեական գործի նկատմամբ։ Սկսած այն պահից, որ պետական մարմինները վկաների համար տոմսեր էին գնում, որպեսզի արտասահմանից գային։ Քրեական գործի որեւէ նյութ բնօրինակի տեսքով չկա, եղած նյութերն էլ ընդամենը 78 քրեական գործից 34 թերթն է։ Կարեւոր ապացույցներից տուժողների հագուստները, որը միջնորդել էի՝ ձեռք բերեին եւ կցեին քրգործին, որպես իրեղեն ապացույց՝ չկան եւ չեն կարողանում բերել։ Ունենք փորձաքննություններ, որտեղ շատ հստակ նշվում էր՝ կրակոցը հնչել է 15-ից 20 սանտիմետր հեռավորությունից, փորձագետները հիմնավորել են, որ հագուստների վրա առկա են կրակոցների արգասիքներ։ Այդ ամենի եզրակացությունները կան, եւ դրանք չեն էլ հերքվել։ Տուժողն էլ ասում է՝ ինձ մեկուկես մետրից են կրակել որովայնիս։ Եթե որովայնիս են կրակել, մենք էլ խնդրում էինք պարզաբանել՝ որովայնը ո՞րն է, վարույթն իրականցնող մարմինը եւ դատախազությունը խուսափում է պատասխանելուց»,- ասաց Սարգսյանը։

Պաշտպանը հույս հայտնեց, որ միակ օրինական ու արդար որոշումը Հայկ Սարգսյանի գործով արդարացումը պետք է լինի. «Հույս ունեմ, որ դատարանը հաշվի կառնի գործի փաստերը»։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց, հաջորդ նիստին մեղադրող դատախազը ներկայացնելու է մեղադրական ճառը։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Տպել
Ամենաշատ