News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Անցած գիշեր 95 տարեկանում մահացել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ թատերական ու կինոարվեստի ոսկե սերնդի վերջին մոհիկանը ՝ հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը: Ծնվել է Իրանում, 22 տարեկանում ներգաղթել Հայաստան։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Պարոնյանի  և Սունդուկյանի անվան թատրոններում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր։ Գրել է սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան» և այլ ֆիլմերի համար։ Հայ հանդիսատեսը  հատկապես հիշում է նրա դերը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում։ 

Կառավարության  դիմաց դարձյալ բողոքի ցույցի էին հավաքվել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը։ Նրանց հետ հանդիպած Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին սեւազգեստ մայրերը խնդրել են միջնորդել, որպեսզի վարչապետ Փաշինյանն ընդունի եւ լսի իրենց։

Կառավարության դիմաց հավաքվել էին նաև իրավապաշտպաններ և քաղաքացիներ՝ կառավարության նիստից անմիջապես հետո պահանջելու հանդիպում վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների հետ։

Բանակում անպատժելիություն է տիրում, հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, նշելով, որ վերջին ակցիայից հետո որոշակի տեղաշարժ եղել է, խորհրդակցություն է հրավիրվել, պաշտոնանկություններ են եղել։ Բայց դրանք, ըստ նրա, բավարար չեն։ Իրավապաշտպանը խոստացել է ամեն հինգշաբթի, կառավարության նիստի օրը, այստեղ բողոքի ցույց կազմակերպել, մինչեւ զգալի տեղաշարժեր չարձանագրվեն Բանակում։

Կառավարության նիստին որոշվել է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար գործադիրի պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3,5 միլիարդ դրամ: Շահարկումներից խուսափելու համար՝ վարչապետը պարզաբանումներ է ներկայացրել։ 3,5-ից 2,5 միլիարդը կհատկացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 660 միլիոն դրամ՝ 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման տեսանկարահանման և համաժամանակյա համացանցային հեռարձակման համար: Ոստիկանությանը կտրամադրվի 235  միլիոն դրամ:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ գյուղական բնակավայրերում տները կառուցվում են առանց որեւէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, փիլաքյան, եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Նա նաեւ անդրադարձել նախկին իշխանավորների կողմից ապօրինի դղյակներ կառուցելու թեմային։  Փաշինյանի խոսքով՝ ամենահայտնի մարդիկ օրինակ, Մոնումենտում, կառուցել են տներ աներեւակայելի չափերի, հիմա եկել ասում են՝ պարտավոր եք օրինականացնել: Նա հանձնարարել է  արդարադատության նախարարին՝ Երեւանի քաղաքապետի հետ լուծումներ գտնել։

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքում գրել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցն օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան եւ դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը։

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` լրատվական 2  կայքում Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ հրապարակումների համար։ Քրեական գործը հարուցվել է պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու եւ այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Մեր կառավարությունն իր վերաբերմունքը սպորտի նկատմամբ պետք է փոխի, սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն առաջարկել է մեթոդաբանություն մշակել ու հաշվարկել, թե օրինակ օլիմպիական չեմպիոն լինելը որքանով է ավելացնում տուրիստների հոսքը մեր երկիր:

Կառավարությունն այսօր նաեւ որոշել է մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 23: Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Այս փոփոխության արդյունքում 4 օր՝ մայիսի 28-31-ը կլինի ոչ աշխատանքային: Նշենք, որ մայիսի 28-ը Առաջին հանրապետության օրը:

Հայաստանն աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի ռազմականացման գլոբալ ինդեքսի ամենամյա տվյալով՝ Հայաստանը զիջում է միայն Իսրայելին եւ Սինգապուրին եւ գլխավորում է Եվրոպայի առավել ռազմականացված պետությունների շարքը: Ադրբեջանն այդ շարքում 10-րդն է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.26 դրամով եւ կազմել 478.37 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով ու կազմել  516.69 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.17 դրամով ու կազմել  617.34 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել 7.50 դրամ։

Փետրվարի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մինչեւ շաբաթվա վերջ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0+2, վաղը ցերեկը՝ +8+10։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ