News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ հետախուզական հանրույթի ներկայացուցիչները Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին նախազգուշացրել են, որ Ռուսաստանն արդեն միջամտել է 2020 թվականի նախընտրական արշավին՝ փորձելով Թրամփին օգնել վերընտրվել: Այս մասին New York Times-ին հայտնել են 5 աղբյուրներ, որոնք իրավիճակին ծանոթ են: Սա նախագահին զայրացրել է, որը, ինչպես հայտնում է NYT-ն, դժգոհել է, որ դեմոկրատները «ռուսական աջակցությունն» իր դեմ են օգտագործում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Պարբերականը նշում է, որ հաջորդ օրը այն բանից հետո, երբ փետրվարի 13-ին Ներկայացուցիչների պալատում տեղի էր ունեցել հետախուզական հանրույթի ճեպազրույցը, Թրամփը նկատողություն էր արել Ջոզեֆ Մագուայրին, որն այդ ժամանակ դեռեւս կատարում էր Ազգային հետախուզության տնօրենի պարտականությունները, այն պատճառով, որ նա թույլ է տվել նման միջոցառման անցկացումը, հայտնել են Թրամփի եւ Մագուայրի խոսակցության բովանդակությանը ծանոթ աղբյուրները: Թրամփն առանձնապես բացասաբար է վերաբերվել ճեպազրույցին Ադամ Շիֆի ներկայությանը, կալիֆոռնիացի դեմակրատ, որը ղեկավարել է Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի գործընթացը:

Ճեպազրույցի ժամանակ, որն անցկացվել է հետախուզության հարցերով կոմիտեի անդամների համար, Թրամփի դաշնակիցները վիճարկել են հետախուզական հանրույթի եզրահանգումները՝ հիշեցնելով, որ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն է վարում եւ փորձում է ուժեղանել եվրոպական անվտանգությունը: Հատուկ ծառայությունների մի քանի ներկայացուցիչներ ճեպազրույցի անցկացումը տակտիկական սխալ են համարում՝ խոսելով այն մասին, որ եթե ճեպազրույցում ելույթ ունեցած Ազգային հետախուզության աշխատակիցը այլ ձեւով արտահայտվեր կամ ընդհանրապես չհիշատակեր «ռուսական աջակցության» ասպեկտը, դա կօգներ խուսափել հանրապետականների զայրույթից:

Զեկույցը պատրաստել էր Ջոզեֆ Մագուայրի խորհրդական Շելբի Փիրսոնը: ԱՄՆ նախագահը չորեքշաբթի հայտարարել էր Մագուայրի փոխարեն Գերմանիայում ԱՄՆ դեսպան եւ Թրամփի ակտիվ համախոհ Ռիչարդ Գրենելին նշանակելու մասին:

Չնայած աշխատակազմի ներկայիս եւ նախկին մի քանի աշխատակիցներ ենթադրում են, որ ճեպազրույցը կարող էր դերակատարում ունենալ Մագուայրին ազատելու հարցում, Սպիտակ տան երկու աղբյուր հայտարարել են, որ Մագուայրի փոխարինումը Գրենելով եւ օրենսդիրների համար բրիֆինգը համընկել են: Աշխատակազմում Գրենելի թեկնածությունը վաղուց էր քննարկվում, իսկ Թրամփը երբեք Մագուայրի հանդեպ անձնական համակրանք չի ունեցել: Ընդ որում՝ Մագուայրն ինքը վերջերս մի քանի աշխատակիցների ասել էր, որ իր կարծիքով մնալու է պաշտոնում:

Հետախուզության հարցերով կոմիտեի աշխատակիցը փետրվարի 13-ին անցկացված ճեպազրույցն անվանել է «մասնավորապես առաջիկա ընտրությունների» մասին կարեւոր տեղեկատվական թարմացում՝ հավելելով, որ միջացառմանը մասնակցել են 2 կուսակցությունների անդամներ, այդ թվում՝ Դեւին Նունյեսը, որը Հետախուզության հարցերով կոմիտեում առաջատար հանրապետական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ