News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սա ուղղակի այլանդակ պահվածքի դրսեւորում է նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ըմբշամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին եւ, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ԱՊՕՐԻՆԻ, ՀԱԿԱՍՊՈՐՏԱՅԻՆ, ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ որոշում…

Նախ, մինչ թեմային անդրադառնալը, ամսի 26-ին ժամը 12։00-ին մամուլի ասուլիս կլինի Արմենպրեսսում։ Կխնդրեմ՝ լրագրողներին ներկա լինել եւ ուղղել ՑԱՆԿԱՑԱԾ հարց նշված թեմայի վերաբերյալ։

Շարունակելով ասածս՝ մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն…)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ եւ նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով

Ստացվում է` ձեւավորվել է մարզչական մի խումբ, որը, զուտ անձնական շահերով եւ մոտիվներով առաջնորդվելով (սրա մասին ասուլիսին), ասում եւ անում է այն, ինչ ուզում է, եւ ոչ մեկը չի խառնվում այդ որոշումներին՝ չցականալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը եւ կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։

Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով, կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները։ Հարց է առաջանում, եթե անշահախնդիր են, օբյեկտիվ եւ վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչո՞ւ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից եւ ինչո՞ւ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջեւում դեռ վարկանիշային մրցաշարեր կան եւ հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի՚

Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է եւ անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն եւ այլն…), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել՝ ո՞ւր են շտապում կիսատ թիմի կազմ հայտնելով։ Ինչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն…

Կրկնում եմ, սա կոպտագույն խախտում է եւ ուղղակի այլանդակ պահվածքի դրսեւորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ։ Եվ կասկած անգամ չունեմ, որ սա հատուկ արվում է իմ դեմ, քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցածս հաջողությունների հետ։ Երբ էլ ուրիշ ճար չունեն հաղթարշավդ կանգնեցնելու, դիմում են հնարավոր բոլոր անարդար մեթոդների։ Այսինքն, ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր, միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա, ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի։

Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաեւ հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, եւ ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո 2020-ին։

Ակնկալում եմ սրտացավ եւ արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը։ Դեռ ուշ չէ վերականգնելու այն

Հ.Գ. 1- մտքովս նույնիսկ չէր անցնի, որ շուրջ 20 տարվա իմ հավաքականում նման բան կկազմակերպվի եւ հատկապես մարդկանց կողմից, ովքեր իրենց ամբողջ կյանքում ներկայացել են որպես իմ հարազատներ։ Սա ամենատհաճն է այս ամբողջ պատմության մեջ։ Հետո վեհ-վեհ կխոսեն արդարությունից։

Հ.Գ. 2- Ընդամենը վերջին 1 տարվա արդյունքներս՝ համեմատության համար տվյալ մարզիկի հետ (ընդհանուրը ուղղակի անհամեմատելի է)

.Նիսի մրցաշար- ոսկի (2019 հունվար)

.Եվրոպայի առաջնություն- բրոնզ(2019 ապրիլ)

.Կրասնոդարի մրցաշար- ոսկի(2019 նոյեմբեր)

.Մոսկվայի մրցաշար- արծաթ (2019 նոյեմբեր)-( քաշային կարգումս գլխավոր հակառակորդ Վլասովի հետ հավասար գոտեմարտ)

. Դանիայի մրցաշար- ոսկի(2020 հունվար)

ընդամենը 22 գոտեմարտ, որից 20-ը հաղթական։

Ընդ որում, թե Նիսի, թե Կրասնոդարի մրցաշարին տվյալ անձնավորությունը եւս մասնակցել է տարբեր տարիներին, եւ երկուսում էլ արծաթ նվաճել։

Տոկիոյում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը եւ դա ապացուցել է պետք։

#արդարություն #Տոկիո2020»:

Տպել
Ամենաշատ