News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն եւ «SOS Մեծ Այրում» շարժման անդամները փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին, իրականացնելու են հանրային պահանջի արշավ ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում, ի աջակցություն եւ պաշտպանություն Դանիելյանների ընտանիքի փոխհատուցման տրամադրման պահանջի:

Հարություն Դանիելյանը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղից տեղահանված ընտանիքի զավակ է։ Ընտանիք կազմելով՝ Հարություն Դանիելյանը 2007 թվականին ձեռք է բերել տուն Մեծ Այրում գյուղում «Նահատակ» պոչամբարի հարեւանությամբ՝ աշխատելով այդ տարիներին որպես պայմանագրային զինվորական։ Տուն գնելիս Հարություն Դանիելյանը տեղյակ չի եղել պոչամբարի՝ առողջության եւ գյուղատնտեսության համար բարձր ռիսկերի մասին եւ դրա հետագա վերաշահագործման մասին:

Տունը գնելուց հետո «Ախթալայի ԼՀԿ»-ն սկսել է պոչամբարի վերաշահագործումը, որը լցվելով նորանոր դժվարություններ է առաջացրել Մեծ Այրում գյուղի բնակիչների համար։

Պոչամբարի շահագործմանը զուգահեռ սկսվեցին Դանիելյանի ընտանիքի խնդիրները: «Նահատակ» պոչամբարն այնքան է բարձրացել իր ծավալներով, որ հավասարվել է բնակելի տների մակարդակին։

Հարություն Դանիելյանի տունը գտնվում է պոչամբարի տարածքից 50 մետր հեռավորության վրա: Այդ տարածքում ապրելը Դանիելյանների համար դարձել է անհնար։

Ըստ Հարությունի՝ առողջական խնդիրները տարիներ շարունակ ուղեկցում են ընտանիքի բոլոր անդամներին՝ գլխացավեր, ալերգիկ դրսեւորումներ, սիրտ-անոթային հիվանդություններ, աղիքային հիվանդություններ, աճի հետ կապված խնդիրներ եւ այլն, որի մի մասի պարագայում բժիշկները նշում են օդի եւ ջրի աղտոտման հետ հնարավոր կապը։

Դանիելյաններն իրենց առողջական խնդիրները կապում են շրջակա միջավայրի աղտոտման եւ իրենց բնակատեղիի պոչամբարի ափամերձ տարածքում լինելու հանգամանքի հետ։

Դանիելյանների սոցիալ-տնտեսական առկա վիճակը թույլ չի տալիս զբաղվել ընտանքի անդամների առողջական խնդիրներով։

Ընտանիքի սոցիալ-տնտեսական իրավիճակը

Ընտանիքը գտնվում է սոցիալ-տնտեսական դժվար իրավիճակում, նպաստառու է, չեն աշխատում։ Հարություն Դանիելյանի հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է։

Տնամերձ հողամասը պիտանի չէ գյուղատնտեսական վերամշակման համար ծանր մետաղներով եւ տոքսիկ նյութերով աղտոտման պատճառով։

2018-2019 թվականներին «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի եւ քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «ԱՐՆԻԿԱ» կազմակերպության համագործակցությամբ իրականացվել են հետազոտություններ, որոնք հիմնավորում են Մեծ Այրումում , Ախթալա համայնքի եւ Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում հանքարդյունաբերական աղտոտիչների առկայությունը եւ դրանց տարածումը հողերում, միրգ-բանջարեղենում եւ մարդու օրգանիզմում։

Նմուշառումներ են վերցվել նաեւ Դանիելյանների տնամերձ հողամասից եւ ընտանիքի անդամներից։ Վերցված հողի, միրգ-բանջարեղենի նմուշառումները ցույց են տվել տարածաշրջանում ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներ, որոնք գերազանցում են ազգային եւ միջազգային ստանդարտները բազմաթիվ անգամներ, մասնավորապես մեծ է մկնդեղի, կադմիումի եւ պղնձի քանակները։

Ըստ չեխ բժիշկների՝ նմուշառման բոլոր կետերում, այդ թվում Դանիելյանների հողատարածքում իրականացված նմուշառումները ցույց են տալիս այդ տարածքներում կոնցեգերոգեն եւ ոչ կոնցերոգեն հիվանդությունների բարձր ռիսկեր։

Դանիելյանների ընտանիքը պահանջում է՝

1. Ստանալ փոխհատուցում բնակության եւ մշակման նպատակով ոչ պիտանի դարձած բնակարանի եւ տնամերձ հողամասի դիմաց, որպեսզի կարողանա այլ վայրում գնել բնակարան եւ տեղափոխվել աղտոտված տարածքից։

2. Անցկացնել ընտանիքի անդամների առողջության գնահատում եւ խորքային բուժզննում։ Հիվանդությունների առկայության պարագայում ապահովել ընտանիքի անդամների անվճար լիարժեք բուժումը։

3. Ստանալ փոխհատուցում առողջությանը պատճառված վնասների համար։

ԿՈՉ

Կոչ ենք անում բոլորին միանալ այս արշավին եւ աջակցել Դանիելյաններին իրավունքների պաշտպանության հարցում: Դանիելյաններին աջակցության հանրային արշավը կմեկնարկի փետրվարի 25-ին Դանիելյանների տան մոտից, իանալ արշավին եւ աջակցել Դանիելյաններին իրենց պահանջների ներկայացմանը, պահանջների ձեւակերպմանը եւ բարձրաձայնմանը:

Հանրային պահանջի արշավի հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀԿ-ի գրասենյակում՝ ք. Ալավերդի, Սայաթ-Նովա 14/35 հասցեում, տեղի կունենա Հանրային բնապահպանական դատավարություն, որի ընթացքում կքննվի ««Նահատակ» պոչամբարի վնասակար ազդեցությունը մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա»։

Խնդրում ենք ԶԼՄ-ներին այդ օրը ներկա գտնվել եւ լուսաբանել արշավը ։

Արշավը ուղիղ հեռարձակվելու է « Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ ֆեյսբուքյան էջով, հետեւյալ հղմամբ:

Տպել
Ամենաշատ