News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցելության նպատակը երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի փոխադրելն է:

Հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: Սլովակիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: 2019թ. Սլովակիան որոշում է կայացրել ռեզիդենտ դեսպանություն հիմնելու Երեւանում, որի բացումը տեղի կունենա նախարար Լայչակի այցի օրերին:

2019թ. դեկտեմբերին Սլովակիայում բացվել է ՀՀ պատվո հյուպատոսությունը:

Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Սլովակիան վավերացրել է 2019թ. հունիսի 4-ին:

Սլովակիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է ԵՄ կողմից որդեգրած դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորումն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում:

Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2019թ. կազմել է  8,873.3 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ-ից Սլովակիայի Հանրապետություն ապրանքների արտահանումը կազմել է 398,8 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 8474,5 հազ. ԱՄՆ դոլար:

Զբոսաշրջության բնագավառում Սլովակիայից Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը 2019թ. կազմել է 1684:

Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր, ՀՀ ԱԺ-ում բարեկամության խմբի ղեկավարն է Համազասպ Դանիելյանը՝ «Իմ քայլը» դաշինքից, իսկ Սլովակիայի խորհրդարանում՝ Դուշան Տիտտելը:

Երկու երկրների ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցության շրջանակներում համագործակցություն է հաստատվել ՀՀ Արմավիրի մարզի եւ Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի միջեւ:

Երեւանն ու Բրատիսլավան ունեն եղբայրացման մասին համաձայնագիր։

Համագործակցությունը միջազգային հարթակներում

Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել 2004թ. նոյեմբերի 30-ին հետեւյալ բովանդակությամբ` «Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհուրդը ճանաչում է 1915 թվականի Հայերի ցեղասպանությունը, որի ընթացքում զոհվել են Oսմանյան կայսրությունում ապրող հարյուր հազարավոր հայեր, եւ այդ իրողությունը համարում է մարդկության դեմ հանցագործություն»:

Սլովակիան համահեղինակել է ՀՀ կողմից 2013թ., 2015թ. եւ 2018թ. Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած եւ հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւին:

Բարձաստիճան փոխայցելություններ

2002թ. տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած պատվիրակությունը այցը Սլովակիա:

2018թ. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Սլովակիա:

2011, 2013, 2015, 2016 թթ. տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սլովակիա:

2016թ. տեղի է ունեցել Սլովակիայի Ազգային Խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի այցը Հայաստան:

2000, 2008, 2010, 2013, 2019թթ. տեղի է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան:

2019թ. հունվարին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սլովակիայի վարչապետ Պետեր Պելլեգրինիի հանդիպումը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել են 2018թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2018թ. դեկտեմբերին Միլանում ԵԱՀԿ նախարարական խորհրդի, 2019թ. փետրվարին Մյունխենի անվտանգության խորհրդի, 2019թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2019թ. դեկտեմբերին Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում:

2018թ. նոյեմբերի 21-ին Երեւանում կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:

Տպել
Ամենաշատ