News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երվանդ Մանարյանն ամբողջ կյանքում իրեն չդավաճանեց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթացող Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը։

«Երվանդ Մանարյանը երջանկություն պարգեւող մարդ էր։ Նա ասպետ էր ամեն ինչում։ Մենք բոլորս շատ երջանիկ ենք, որ եղել ենք Երվանդ Մանարյանի ժամանակակիցները, որ հնարավորություն ենք ունեցել շփվելու իր հետ, ստեղծագործելու, լսելու իրեն։ Ամբողջ կյանքում երբեք իրեն չդավաճանեց, երբեք չփորձեց հարմարվել։ Երվանդ Մանարյանի կյանքը իրական ստեղծագործող մտավորական քաղաքացու կյանքը չի ավարտվել, նա մեծ դասագիրք է թողել մեզ։ Ազատ մտածող արվեստագետ էր, որը մշտապես զգում էր ժամանակի զարկերակը, այդ պատճառով էլ միշտ շրջապատված էր երիտասարդներով»,- ասաց Բաբայանը։

Ռուբեն Բաբայանը նշեց, որ Մանարյանը երբեք չի վազել կոչումների հետեւից. «Նա մարդ էր, որը երբեք չէր վազում կոչումների հետեւից։ Սովետական տարիներին նա իսկապես ժողովրդական դերասան էր, բայց ոչ մի կոչում չուներ։ Իրեն դա պետք էլ չէր։ Ոչ թե նա էր վազում կոչումների հետեւից, այլ կոչումներն էին վազում իր հետեւից։ Մանարյանը նույնն էր բոլոր հետ, կապ չունի թատրոնի հավաքարարն էր, երկրի նախագահն էր, նա իրեն չէր դավաճանում նույն հարգանքով ու անկեղծությամբ ինչ մտածում էր ասում էր։ Մանարյանի ժպիտը միշտ դեմքին էր եւ սա մեծ մարդու հատկություն է»։

Նշենք, որ հոգեհանգստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կառավարության եւ ԱԺ անդամներ, մտավորականներ, մշակութային գործիչներ եւ ժողովրդական արտիստի երկրպագուներ։

Հիշեցնենք, որ Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 95 տարեկան հասակում։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ