News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին Հրազդանում, իսկ 22-ին Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կբեմադրվի «Հայերի դատը մարդկության դատն է» թատերական ներկայացումը: Այն առաջին անգամ բեմադրվել է Սանկտ-Պետերբուրգում` Մեծ Եղեռնի 90-ամյակին: Այսօր` ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացման մասին խոսեցին «Սթեյջ 7» արտիստների եւ գրողների համագործակցության կենտրոնի նախագահ Տիգրան Նալչաջյանը, կինոյի եւ թատրոնի արտիստ Արտաշես Ալեքսանյանը, դրամատիկական թատրոնի դերասան, ներկայացման ամենատարեց մասնակից, գլխավոր դերակատար Գուրգեն Անտոնյանը  եւ, ներկայացման ամենակրտսեր մասնակից 11-ամյա Դալիթա Ավանեսյանը: Ներկայացման մեջ հիմնականում խաղում են «Սթեյջ 7» կենտրոնի սաները` մոտ 30 հոգի: «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացման սցենարի հեղինակն Արտաշես Ալեքսանյանն է, սցենարի մեջ մեջբերումներ կան նաեւ Հովհաննես Շիրազից:

«Սա այն ներկայացումների շարքին է դասվում, որտեղ լացուկոծ չկա, կա հիշել, մեծարել, հարգել, պատվել եւ գնալ առաջ: Բեմում մենք չենք տեսնելու լաց»,- ասաց Արտաշես Ալեքսանյանը: Նրա խոսքով` գուցե շատերի քննադատությունն արժանա այն, որ Եղեռնի վերաբերյալ ներկայացման մեջ կա հարսանիք, երգ, հումոր, բայց սցենարիստի խոսքով` մեռնողի հետեւից պետք չէ մեռնել:

Ինչ վերաբերում է տոմսերին, ապա Արտաշես Ալեքսանյանն ասաց, որ պետք չէ այս ներկայացման համար տոմսեր վաճառել, այն պետք է լինի «սեղանի գրքի» պես մի բան: Ներկայացումը հովանավորներ չունի, «Սթեյջ 7»-ը իր ներկայացումների ցանկը ներկայացրել է Մշակույթի նախարարությանը, բայց նրանք ոչ մեկը չեն ֆինանսավորել:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե եթե պետական ատյանները չեն ֆինանսավորում ներկայացումը, ապա ինչո՞ւ չեք դիմում գործարարներին, Արտաշես Ալեքսանյանը պատասխանեց, որ մի անգամ մի գործարարի դիմել են եւ ոչ մի պատասխասն չեն ստացել:

Երեւանում ներկայացումը նորից կբեմադրվի մայիսին:

Տպել
Ամենաշատ