News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը ներդնում է սահմանափակող միջոցներ Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների համար կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ. այդ երկրներից զբոսաշրջիկներին կարգելվի մուտք գործել Իսրայել, իսկ այդ երկրներից վերադարձող իսրայելցիները պետք է պարտադիր անցնեն երկու շաբաթ տեւողությամբ կարանտին, հայտնել է վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նախ մենք խստացնում ենք ուրիշ երկրներից մուտքը դեպի Իսրայել: Այսօր մենք ավելացրել ենք Ավստրալիան եւ Իտալիան, անհրաժեշտության դեպքում կավելացնենք նաեւ մյուս երկրները: Ես համարում եմ, որ չափից դուրս նախապատրաստումն ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Ներկայումս Իսրայելում գործում են ավելի խիստ կանոններ, քան ցանկացած այլ երկրում, եւ մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ Իսրայելում վիրուսի տարածումը կանխարգելելու համար»,-հայտարարել է Նեթանյահուն հատուկ նիստի ժամանակ՝ նվիրված կորոնավիրուսի տարածման սպառնալիքին:

Կիրակի ներքին գործերի նախարար Արյե Դերին տարածել էր հայտարարություն, որով արգելում էր Իսրայել մուտք գործել բոլոր անձանց, որոնք երկրի քաղաքացիներ չեն եւ գտնվել են Ճապոնիայում ու Հարավային Կորեայում վերջին երկու շաբաթվա ընթացքում: Անցած շաբաթ այդօրինակ արգելք էր սահմանվել Թաիլանդից, Հոնկոնգից, Մակաոյից եւ Սինգապուրից ժամանող մարդկանց համար: Ավելի վաղ փետրվարին դադարեցվել էր Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն ու փակվել էր Չինաստանից ժամանող օտարերկրացիների մուտքը:

Նախարարների խումբը, որը պետք է ձեւավորվի կիրակի, Նեթանյահուի խոսքով, ամենօրյա ռեժիմով պետք է համակարգի տարբեր ծառայությունների եւ վարչությունների գործողություններն Իսրայելում կորոնավիրուսի տարածման սպառնալիքին հակազդելու համար: Շրջաններից վերադարձող իսրայելցիների համար, որտեղ բացահայտված են կորոնավիրուսի դեպքեր, հաստատված են «առաջնորդող սկզբունքներ», որոնք պահանջում են քաղաքացիներից անհապաղ կապ հաստատել բուժծառայությունների հետ եւ անցնել տնային կարանտին, որը ենթադրում է հրաժարում հասարակական տրանսպորտից օգտվելուց, հանրային վայրեր, զանգվածային միջոցառումներ, գրասենյակներ, ուսումնական հաստատություններ այցելելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ