News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանում հայ պատգամավորները Իրանի քաղաքացիներ են եւ, բնականաբար, առաջնորդվում են իրանական օրակարգով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ խոսելով Իրանում խորհրդարանական ընտրությունների մասին։

«Իսլամական հեղափոխությունից հետո մշտապես 2 տեղ հատկացվել է կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին` մեկը՝ երկրի հյուսիսում, մյուսը հարավում բնակվող իրանահայության համար:

Սկզբից պայքարում էին 7 թեկնածու, բայց Կարեն Խանլարյանը հրաժարվեց ընտրապայքարից, մնացին 6-ը: Այսինքն մի տեղի համար 4 հոգի էին պայքարում, մյուս տեղի համար 2 հոգի եւ նրանցից ընտրվեցին 2 պատգամավոր: Նրանցից մեկը հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը նախկինում եւս եղել է պատգամավոր»,-նշեց նա:

Իրանագետը հավելեց, որ չնայած Իրանի քաղաքացիությանը՝ հայ պատգամավորները բարձրացնում են համայնքին հուզող հարցեր․«Իրանում հայ պատգամավորները Իրանի քաղաքացիներ են եւ բնականաբար առաջնորդվում են իրանական օրակարգով, գործում են Իրանի քաղաքականությանը համահունչ, բայց բացի դրանից նաեւ Իրանի իշխանություններին բարձրաձայնում են այն խնդիրները, որոնք առաջանում են համայնքում, կապված կրթական օջախների, եկեղեցիների, մշակութային հարցեր եւ այլն»:

Նշենք, որ մյուս հաղթած հայ պատգամավորը Արա Շահվերդյանն է:

Հավելենք, որ Իրանում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ ԻԻՀ խորհրդարանի ապագա անդամների ցանկը գլխավորել է Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, որը հավաքել է 1,265,287 ձայն:

Նշվում է, որ 2017 թվականին Քալիբաֆը առաջադրվել էր Իրանի նախագահի պաշտոնին:

Հավաքված ձայների թվով երկրորդ տեղը զբաղեցրել է ԻԻՀ նախագահի եւս մեկ նախկին թեկնածու Մոսթաֆա Ակա-Միրսալիմը, որը հավաքել է 892,318 ձայն:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ փետրվարի 21-ին կայացած Իրանի Մեջլիսի (խորհրդարան) ընտրություններին մասնակցությունը կազմել է 42,57 տոկոս:

Ուրբաթ Իրանում մեկնարկել էին խորհրդարանական ընտրությունները: 290 պատգամավորական մանդատի համար պայքարել է ավելի քան 7 հազար մարդ: Ընտրություններն անցկացվել էին Իրանում բացված 208 ընտրատեղամասերում:

Իրանի խորհրդարանում ամրագրված է հինգ տեղ կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների համար: Իրանում բնակվող էթնիկ հայերի համար ամրագրված է երկու տեղ, իսկ երկրի ասորիների, հրեաների եւ զորոաստրիացիաների համար՝ մեկական մանդատ:

Խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են համազգային քվեարկությամբ 4 տարի ժամկետով։ 2020 թվականի մայիսին Իրանի նոր խորհրդարանը կսկսի աշխատանքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ