Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 24-ին, շարունակվում է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը։
Այս դատական նիստին ներկա է նաեւ տուժող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ դատական այս նիստին պետք է իրականացվի տեսաժապավենների ուսումնասիրություն։
Նախորդ նիստին դատարանը Երանոսյանի հետ կապված գործի ապացույցների հետազոտություն իրականացրեց։
Հիշեցնենք, որ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։
Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։