Հայաստանն ու Սլովակիան մտադիր են բոլոր ուղղություններով հարաբերությունները խորացնել: Այս մասին հայտարարվել է փետրվարի 24-ին Երեւանում կայացած երկու երկրների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Միրոսլավ Լայչակի համատեղ մամուլի ասուլիսում: Մամուլի ասուլիսից անմիջապես հետո տեղի է ունեցելՀայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը:
Մնացականյանը նշեց, որ բարի ավանդույթ է դարձել տարին Երեւանում սկսելը (Լայչակը Հայաստանի մայրաքաղաք էր այցելել նաեւ անցյալ տարվա մարտին որպես ԵԱՀԿ գործող նախագահ): Նախարարի գնահատմամբ՝ դիվանագիտական հարաբերություններ հատատելուց հետո երկու երկրների շփումները խորանում են, իսկ դեսպանության բացումը այն նոր մակարդակի կհասցնի եւ օրակարգը կհարստացնի:
Նախարարը հայտնեց, որ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության հարցեր՝ քաղաքական երկխոսությունից եւ առեւտրատնտեսական համագործակցությունից մինչեւ մշակութային փոխանակում: «Անդրադարձել ենք տարբեր ոլորտների՝ ինովացիոն, ՏՏ, ագրոբիզնես, տուրիզմ, քաղաքական երկխոսության ամրապնդում»,- հայտնեց նախարարը: Նրա խոսքով՝ համագործակցությունը կառնչվի այնպիսի ոլորտների, ինչպես միջխորհրդարական եւ ապակենտրոնացված: Կարծիքների փոխանակում է կատարվել Հայաստան-ԵՄ օրակարգի վերաբերյալ: «Հայաստանը Սլովակիային շնորհակալ է Համաձայնագրի վավերացման համար: Սլովական սա առաջիններից մեկն է արել: Արեւելյան գործընկերությունը կարեւոր հարթակ ենք համարում, հատկապես երկրների համար, որոնք ընդհանուր արժեքներ ունեն»,- հայտարարեց նախարարը՝ ընդգծելով Սլովակիայի դերը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մեջ եւ որպես Վիշեգրադյան քառյակի անդամ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը եւ վերջին հանդիպումները: «Ես ընդգծեցի խաղաղությանը ժողովուրդներին նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը: Չիրականացնելը եւ մաքսիմալիստական դիրքորոշումը, ինքնորոշման իրավունքի ժխտումը առաջնթացի խոչընդոտներ են»,- հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը:
Միրոսլավ Լայչակը նշեց, որ դեսպանության բացումը կոչված է համագործակցության ակտիվացմանը եւ սլովակյան բիզնեսը Հայաստան գրավելուն: Թվարկված բոլոր հարցերում եւ համագործակցության ուղղություններում գործընկերոջ հետ համաձայնելով՝ Լայչակը նշեց, որ հունիսին նախատեսված է Արեւելյան գործընկերության գագաթնաժողով, ապրիլին տեղի է ունենալու Վիշեգրադյան քառյակի նիստը: «Հայաստանը եւ Սլովակիան ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամներ են: Մենք պատրաստ ենք փորձի փոխանակման»,- հայտնեց Լայչակը: