News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ պայմանավորվեցինք, որ 2 օրից գա հեծանվահրապարակ, որ տեղում էլ քննարկենք մեզ հուզող խնդիրները: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Երեւանի քաղաքապետարանում ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց «Հայաստան» ՀԿ մարզադպրոցի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը:

Նշենք, որ առավոտից մարզադպրոցի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց եւ պահանջում են հանդիպում քաղաքապետի կամ փոխքաղաքապետի հետ:

Աբգար Պետրոսյանը ներկայացրեց, որ իրենք ՀԿ-ն այս ոլորտում մենախոշորն է Հայաստանում, ունի 11 մարզադպրոց իր մարզակառույցներով: Նրա խոսքով, հին հեծանվահրապարակը, որը եղել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում (կրկեսի մոտ) եղել է իրենց սեփականությունը, սակայն իրենք կամավոր այն փոխանցել են քաղաքապետարանին, պայմանով, որ կկառուցվի նոր հեծանվահրապարակ եւ իրենք կայուն եկամուտ կունենան իրեն գործունեությունը ծավալելու համար:

«Մենք գնացել ենք գիտակցաբար դրան, որ ունենանք նոր հեծանվահրապարակ եւ հաստատուն ֆինանսական միջոցներ, որը կբավականացնի թե բազայի պահպանմանը, թե մեր գործունեությանը: Հիմա կա նոր հեծանվահրապարակ եւ մենք դեմ ենք այն մրցույթով այս կամ այն կազմակերպությանը հանձնելուն: Քանի որ կարող է հիմա գալ եւ այդ մրցույթը շահել օրինակ, լիմոնադիր գործարանը: Օրենքը դա թույլ է տալիս, բայց եթե մենք զոհաբերել ենք մեր սեփականությունը քաղաքի կենտրոնում, ինչո՞ւ պետք է մենք մրցույթի մասնակցենք եւ ընկնենք այդ քաշքշուկների մեջ: Ավելի լավ չի՞ մեր գումարը դրամաշնորհի կարգով տվեք մեզ:

Հարց ենք տալիս պարոն Վիրաբյանին. եթե կոլեկտիվում ամեն ինչ նորմալ է, հեծնվահրապարակում ամեն ինչ նորմալ է, ոչինչ չի կորել, ո՞րն է նպատակը դնել նորից մրցույթի, որ գա ուրիշը շահի: Ընդ որում մրցույթը ամեն տարի լինում է, կարող է մի տարի մեկը շահի, մյուս տարի՝ մյուսը, բայց որեւէ մեկը կապ չունենա սպորտաձեւի հետ: Իսկ հեծանվահրապարակը մասնագիտական կառույց է:

Մենք միամմտաբար այն ժամանակ չենք նշել, որ եթե հանձնում ենք մեր սեփականությունը, ապա Երեւան քաղաքը պարտավոր է միշտ մեզ վճարի:

Այսինքն ստացվում է, որ Երեւան համայնքը չծախսելով մեկ դրամ փող, ունեցել է երկու օբյեկտ: Էլի ձերն է, բայց մեզ հետ անհատույց պայմանագիր կնքեք, դրամաշնորհ տվեք մեզ կամ նվիրատվություն»,-ասաց փոխտնօրենը՝ հավելելով, որ այս պահին իրենց 32 հոգանոց կոլետիվն 2 ամիս աշխատավարձ չի ստացել:

Իր հերթին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ եթե մրցույթ հայտարարվի, տվյալ կազմակերպությունը եւս հնարավորություն ունի մասնակցելու եւ հաղթելու։ «Նախ պետք է նշեմ, որ երկար տարիներ այս գործընթացը կազմակերպվել է մրցութային կարգով։ Այս կազմակերպությունը մեծ ներդրում ունի այն հարցում, որ այսօր Երեւանն ունի մեծ հեծանվահրապարակ, բայց համայնքը պետք է առաջնորդվի բոլորի շահերից ելնելով»։

«Կազմակերպության ներկայացուցիչները խնդրում էին, որ կարգը փոխենք եւ մրցույթը դարձենք դրամաշնորհ։ Պիտի փաստեմ, որ մրցույթով կամ առանց մրցույթ լինելու կարգը նախկինում քննարկվել է իրենց համայնքի եւ երրորդ կողմի միջեւ, եւ քաղաքապետարանն այս պարագայում որեւէ կարգ չի փոխում, ուղղակի առաջնորդվում է այն կարգով, որով նրանք երկար տարիներ առաջնորդվել են։ Այս տարի արդեն կարգը իրենց  չի բավարարում, եւ նրանք կարծում են, որ կարգը պետք է իրենց հարմարեցվի եւ նրանք լինեն բացարձակ կազմակերպիչը եւ տնօրինողը»։

Տիգրան Վիրաբյանը հստակ ժամկետ չնշեց, թե երբ է տեղի ունենալու նոր մրցույթը։

Տպել
Ամենաշատ