News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տարի Երեւանում շինարարության եւ բարեկարգման աշխատանքները կընդգրկեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ մշակույթ, առողջապահություն, կրթություն, ճանապարհների բարեկարգում եւ այլն:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ տարվա ընթացքում կհիմնանորոգվի մշակութային երեք կարեւոր օջախ: Միանգամայն նոր պայմաններում կաշխատեն Պատանի հանդիսատեսի թատրոնը, Մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը:

Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում շուրջ 30 կտավ կա, միեւնույն ժամանակ սրահը զուրկ է օդի խոնավության, լուսավորության ու ջերմաստիճանի անհրաժեշտ պայմաններից:

«Խնդիրը շատ հրատապ է, որովհետեւ կտավները վնասվել են: Ներկաշերտերը ուռել են, ճաքճքել, ափսոս են այս նկարները: Ցուցասրահը կսկսի աշխատել, վերածնունդ կունենա, կանենք շատ ցուցահանդեսներ»,- ասում է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանը:

Շինարարական աշխույժ եռուզեռ կլինի նաեւ համայնքային մանկապարտեզներում: Փոքրիկներին ավելի լավ կրթելու եւ դաստիարակելու համար կարեւոր են նաեւ միջավայրի պայմանները:

«Ասիական զարգացման բանկի ծրագրով ունենք բավականին շատ ծավալներ՝ մոտ 30 մանկապարտեզի, մեր ծրագրերով էլ 9 մանկապարտեզի մրցույթների նախագծերը պատրաստ են, տեղադրել ենք արդեն, որ շինարարություն իրականացվի»,- նշում է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Երեւանում նախորդ տարվա 5000 քմ-ի փոխարեն այս տարի կրկնակի շատ՝ 10.000 քմ հողային պաստառով ճանապարհ կբարեկարգվի: Ծավալի առումով զգալի աշխատանքներ կտարվեն նաեւ այգիների, նոր մայթեր կառուցելու ու բարեկարգելու, եզրաքարեր փոխելու, հենապատեր կառուցելու եւ ոռոգման նոր ցանց անցկացնելու համար: 2020-ին կբարեկարգվի նաեւ հետիոտնային ստորգետնյա 4 անցում:

«Նախորդ տարի ստորգետնյա 4 անցում բարեկարգեցինք: Այս տարի 300 մլն.-ի բյուջե ենք հաստատել եւ նախագծերն արդեն պատվիրել ենք: Խոսքը Գրիգոր Լուսավորչի փողոցի, փակ շուկայի մոտի, Ազատության պողոտայի («Լամբադա» կամուրջ) եւ Թամանցիների փողոցի գետնանցումների մասին է»,- նշում է Գրիգոր Հարությունյանը:

Առողջապահության առաջնային օղակը եւս ուշադրության կենտրոնում է: Պոլիկլինիկաները բուժսարքավորումներով վերազինման ծրագրին զուգահեռ՝ բուժկենտրոններում հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Այս տարի ծրագրում համայնքային 5 պոլիկլինիկա է ընդգրկված: Շուրջ 8000 քմ տարածք ունեցող թիվ 12 պոլիկլինիկան կվերանորոգվի փուլ առ փուլ: Այս տարի կլուծվի սանհանգույցների ու շենքի ողջ էներգամատակարարման խնդիրը, կփոխարինվեն կաբինետների դռները:

«Շենքը  30 տարեկան է: Այս տարիների ընթացքում, բացի պատուհանների փոխարինումից որեւէ շինարարություն չի արվել: Ամեն ինչ միանգամից փոխել, մենք էլ ենք հասկանում, որ դժվար կլինի, բայց կարեւորը մեկնարկը կտրվի»,- նշում է «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Արա Ներսիսյանը:

Տպել
Ամենաշատ