News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքային պլանավորման՝ քաղաքաշինության, ասպարեզում վերջերս տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ պատկան մարմինները դեռեւս հեռու են հանրության կարծիքը լսելուց եւ հաշվի առնելուց: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Չեն կատարվում Գրապալատի շենքի վերաբերյալ կառավարության կողմից տրված խոստումները՝ ստեղծել նոր հանձնաժողով, հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտարարել նոր մրցույթ: Որոշում է ընդունվել Ֆիրդուսի թաղամասն իր այսօրվա ձեւով վերացնելու վերաբերյալ: Քաղաքացիներն անհանգստացած են բազում այլ հարցերով: Դալմայի այգիները, Կոնդը, Լեոյի փողոցի շինարարությունը, Տիգրան Մեծի կանաչապատ տարածքի վերացումը, Հանրապետության հրապարակի տակի շինությունների բացման հարցը, Ռուսական թատրոնի կողքի բարձրահարկ շենքի կառուցման հարցը, Հաղթանակի այգու դիմաց ապօրինի շինարարությունը... Խնդիրները չափից դուրս շատ են:

Սա տեղի է ունենում այն պահին, երբ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, իսկ Երեւանի Գլխավոր ճարտարապետ պարոն Մեսչյանը հայտարարում է, որ քաղաքացիների իրավունքը՝ բողոքարկել ապօրինի շինարարությունները, պիտի կրճատվի, քանի որ խանգարում է ներդրումներին եւ սառեցնում շինարարական աշխատանքները:

Պետք է հասկանալ, որ, ինչպես եւ նախորդ (մինչ 2018 թ.) իշխանությունը, այնպես էլ Հայաստանի ճարտարապետների եւ շինարարների խոշոր մասը, կորցրել են, ավաղ, հանրության վստահությունը, քանի որ, շահի ետեւից ընկնելով, չափից դուրս շատ կոմպրոմիսներ են թույլ տվել, արդյունքում անվերականգնելիորեն աղավաղելով Երեւանի տեսքը:

Իրադրությունը պահանջում է շտապ փրկության քայլեր, արագ արձագանքման մեխանիզմների ներդրում, ինչը պիտի տեղի ունենա հանրության եւ պատկան մարմինների միջեւ գոյություն ունեցող երկխոսության արդյունավետության որակական փոփոխման միջոցով:

Այս իրադրության մեջ «Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտե» (ԵԺՊԿ) քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում (կրկնում) է հետեւյալ պահանջները.

ա) պատկան մարմինները պարտավոր են բացել եւ թափանցիկ ու պրոակտիվ դարձնել քաղաքի վերափոխման վերաբերյալ բոլոր կայացվող եւ այսուհետ կայացվելիք որոշումների մասին տեղեկատվությունը.

բ) մասնագիտական բոլոր հանձնաժողովների մեջ պետք է անհապաղ ընդգրկվեն հանրության ներկայացուցիչները։ Ճարտարապետներից եւ քաղաքաշինարարներից բացի, հանձնաժողովները պիտի համալրվեն քաղաքային միջավայրի խնդիրների հետ առնչվող այլ մասնագետներով՝ (մշակութաբաններ, արվեստաբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ եւ այլն).

գ) բոլոր հանձնաժողովների նիստերը պետք է լինեն թափանցիկ.

դ) վերափոխմանը կամ քանդմանն առնչվող բոլոր առիթներով պետք է հայտարարվեն բաց մրցույթներ.

ե) մրցույթների կազմակերպման չափանիշները պետք է մշակվեն հանրության ներկայացուցիչների եւ շահառուների հնարավորինս ընդգրկուն շրջանակների մասնակցությամբ.

զ) մրցութային հանձնաժողովները պետք է համալրվեն հանրության կողմից առաջադրված թեկնածուներով, եւ հանձնաժողովների որոշումների կարգին տեղյակ պահվի հանրությունը.

է) հանրությունը պետք է որակյալ հնարավորություն ունենա մրցույթին մասնակցող բոլոր նախագծերը քննարկելու։

Ընթացակարգերի միայն այս մեթոդական սկզբունքային փոփոխությունները թույլ կտան քաղաքային պլանավորման (քաղաքաշինության) ասպարեզին՝ դուրս գալ եւ՛ քաղաքացիների կյանքը վատթարացնելու (մարդու իրավունքները խախտելու), եւ՛ կոռուպոցիոն-քրեական ու ռիսկային գործարքների մեջ անընդհատ խճճվելու փակուղուց եւ վերահաստատել հանրության վստահությունը  ճարտարապետների, շինարարների եւ ներդրողների, ինչպես նաեւ դեպի քաղաքային պլանավորման հարցերի ի պաշտոնե պատասխանատու պատկան մարմինների՝ անձերի եւ ինստիտուցիաների հանդեպ:

Այս եւ նման հարցերը քննարկելու նպատակով ԵԺՊԿ-ն մոտակա ժամանակներում կազմակերպելու է հանրային բաց քննարկում՝ հստակ մեթոդաբանությամբ: Քննարկման տեղը, ամսաթիվը, օրակարգը եւ գրանցման ձեւաթուղթը կհրապարակվեն մոտ օրերս:

Քննարկումից անկախ, ԵԺՊԿ-ն ակնկալում է պատկան մարմիններից անհապաղ պատասխաններ՝ նախապես ձեռք բերված «համաձայնությունների» կարգավիճակի վերաբերյալ, այն է, ե՛րբ ԵԺՊԿ անդամները կհրավիրվեն հանձնաժողովի կազմ, որը պետք է Գրապալատի շենքի նոր նախագծի վերաբերյալ մշակի մրցույթի կանոնները:

Տպել
Ամենաշատ