News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու եւ այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով  ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 24-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: 

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային խումբն ուսումնասիրելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումները, լուծելու է դրանց ենթակայության հարցը, գործնական աջակցություն է ցուցաբերելու  դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին եւ դատախազներին՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման եւ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս:

Հրամանով ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային խմբին հանձնարարել է ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ՀՀ ԿԸՀ-ի, հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:

Խնդիր է դրվել ապահովել կատարված աշխատանքների հրապարակայնությունը, որի շրջանակներում իրականացվելու է ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ կողմից հրապարակվող տեղեկատվության մշտադիտարկում, ինչպես նաեւ կազմակերպվելու է քննարկման արդյունքների եւ կայացված որոշումների օպերատիվ լուսաբանում:

Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների եւ դատախազների առջեւ խնդիր է դրվել հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել եւ դրանց ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետներում: 

Գործընթացը լինելու է ՀՀ գխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ