News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի լրագրողական հանրությունն ահազանգում է՝ օր չկա, որ այս կամ այն պարբերականը, լրատվամիջոցների այս կամ այն ներկայացուցիչը չդառնա իրավապահ կառույցների հարձակման օբյեկտ: Այս մասին գրում է «Գոլոս Արմենի» պարբերականը՝ թեման զարգացնելով:

«Ժուռնալիստների միությունը անդադրում հայտարարություններով է հանդես գալիս մամուլի «անազատության» հաճախակիացող դրսեւորումների թեմայով, կլոր սեղաններ են անցկացվում, փորձագետներ են հրավիրվում, տարբեր ձեւաչափերով քննարկումներ եւ բանավեճեր են կազմակերպվում: Ավելին՝ պատգամավոր, նախկինում «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am լրատվական կայքի հիմնադիր-խմբագիր Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ նախատեսվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել կեղծ տեղեկությունների տարածման համար:

Հատուկ թեմա է լրատվամիջոցների ներկայացուցիչների մինչեւ հիմա չլսված կալանավորումները, որոնք, որպես կանոն, իրականացվում են քաղաքական դրդապատճառներով: Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 6-ին կաշառք ստանալուն օժանդակելու տարօրինակ մեղադրանքով կալանավորվել է մեդիամագնատ, Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանը, ում համարում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր մարդ: Մի շարք ընթացակարգերից հետո Հայաստանը ստիպված էր կատարել ՄԻԵԴ պահանջը, Մայրապետյանը ոչ միայն ազատություն ստացավ, այլեւ մեկնեց Գերմանիա բուժման կուրս անցնելու: Իսկ ահա ընդդիմադիր «5-րդ հեռուստաալիքի» սեփականատեր, համատեղությամբ Քոչարյանի համախոհ Արմեն Թավադյանը, որը հրապարակայնորեն համաձայն է նրա գաղափարներին, կալանքի տակ է անցկացնում նոր 2 ամիս: Դատարանն այսպիսի որոշում է կայացրել փետրվարի 20-ին, իսկ 2 օր հետո դատախազությունը մերժել է մի ամբողջ շարք հայտնի գործիչների անձնական երաշխավորությամբ նրան ազատելու միջնորդությունը: Իշխանությունները Արմեն Թավադյանի հանդեպ «հատուկ վերաբերմունք» ունեն: Նրա ղեկավարած ալիքը աչքի է ընկնում գործող իշխանությունների քննադատությամբ, նա երկրորդ նախագահի կողմնակիցների թիմի «ուժեղ օղակն» է, ում մեկուսացնելով՝ հավանաբար, հույս ունեն թուլացնել նրա դիրքերը:

Անհնազանդ լրատվամիջոցների եւ դրանց ներկայացուցիչների վրա ազդեցության մեթոդներն ի հայտ են գալիս տարբեր ձեւերով: Չենթարկվողներին, ինչպես «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր, բլոգեր Նարեկ Մալյանին, bloglews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին եւ նրանց կողմնակիցներին փորձում են ուղղակի «ճզմել»: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրանց ձերբակալում են ապօրինի զենք պահելու անհեթեթ կասկածներով, ընդ որում՝ տառացիորեն «ասֆալտին են փռում»:

«Հայելի» մամուլի ակումբի գրասենյակի վրա հարձակման հնչեղ քրեական գործի հետաքննությունը, որի հիմնադիրը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, խլացվել է այս բառի ուղիղ իմաստով: Միեւնույն ժամանակ բլոգեր Նարեկ Մութաֆյանը եւ օպերատոր Սարգիս Օհանջանյանը ստիպված էին ավելի քան 2 ամիս բանտարկված մնալ ընդամենը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին տված մեկ հարցի համար:

Օրինակ վերջին անակնկալներից: Փետրվարի 20-ին ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել «Հրապարակ» օրաթերթի փետրվարի 13-ին հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է դատվածության փաստը» հոդվածի եւ lragir.am կայքում փետրվարի 14-ին հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով կարող էր կազմակերպել տեղեկությունների արտահոսքը» վերնագրված հոդվածի հիման վրա: Գործը հարուցվել է «անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների ապօրինի հավաքում, պահպանում, օգտագործում կամ տարածում» եւ «պաշտոնական լիազորությունների չարաշահում» հոդվածներով: Ժուռնալիստների միությունն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ նախարարի մասին տեղեկությունը չի կարող փակ լինել, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների մասին բոլոր տեղեկությունները հանրային սեփականություն են: Լրագրողները իշխանություններին կոչ են անում չխոչընդոտել իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը՝ ուղղված տեղեկացված լինելու հասարակության իրավունքի բավարարմանը:

Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքում հնարավոր փոփոխություններին, ապա ակնհայտ է, որ դրանք, ինչպես արտահայտվել է իրավաբան Ռուբեն Հայրապետյանը, խոսքի ազատության զգալի սահմանափակման գործոն կծառայեն, լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումների մեխանիզմ: Լրատվամիջոցների վրա անթույլատրելի ճնշման մեթոդները հերթական անգամ «թավշյա իշխանությունների» փոխանցմամբ այսօր կիրառվող երկակի ստանդարտների պատկերավոր հաստատումն են: Ստացվում է, որ մեզ մոտ ատյաններ կան, որոնց ամեն ինչ թույլատրված է, եւ կան այնպիսիները, որոնց հետ փորձում են խոսել ուժի եւ բացահայտ վախեցնելու դիրքերից: Հենց այսպես էլ ապրում ենք»,- նշում է պարբերականը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք՝ «Գոլոս Արմենիում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ