News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը պաշտպանության ոլորտում ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պայմանագրեր են կնքել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է  հնդիկ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ընդլայնում ենք մեր ռազմական համագործակցությունը: Մենք ավելի քան 3 մլրդ դոլարի գործարք ենք կնքել: Հնդկաստանը կգնի AH-64E Apache ուղղաթիռներ, ինչպես նաեւ ծովային բազավորման MH-60R Seahawk ուղղաթիռներ»,- նշել է պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Սպիտակ տան ղեկավարը:

The Times of India պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Նյու Դելին Թրամփի այցին ընդառաջ Վաշինգտոնի հետ ստորագրման էր պատրաստել 3,5 մլրդ դոլար ընդհանուր գումարով երկու խոշոր պաշտպանական պայմանագիր՝ 930 մլն դոլար գումարով վեց հարվածային AH-64E Apache ուղղաթիռների գնման եւ 2,6 մլրդ դոլար ընդհանուր գումարով ծովային բազավորման 24 MH-60R Seahawk ուղղաթիռների գնման՝ հրթիռների լրակազմով:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն լավատեսությամբ է վերաբերվում Հնդկաստանի հետ առեւտրի մասին համաձայնագրին հասնելու հնարավորությանը:

«Վարչապետի հետ իմ բանակցությունների մյուս կարեւոր թեման երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումն է՝ հիմնված ազնվության եւ փոխադարձության սկզբունքների վրա: Ես լավատեսորեն եմ տրամադրված համաձայնագրին հասնելու վերաբերյալ, ինչն անչափ կարեւոր է երկու երկրների համար»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

Տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունների թվում Թրամփը նշել է նաեւ փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ 5G ցանցերի զարգացման: «Այցի ժամանակ մենք քննարկել ենք 5G անվտանգ ցանցերի կարեւորությունը,- ասել է նա: - Անհրաժեշտ է, որ նոր տեխնոլոգիաները դառնան խաղաղության, առաջընթացի եւ բարգավաճման գործիք, այլ ոչ թե ինչ-որ բանի համար, որը կարող էր դառնալ գրաքննության եւ ճնշման հաղորդիչ»:

«Երաշխավորելու համար, որ ապագայի ենթակառուցվածքը կառուցվելու է այն կերպ, որն ապահովի անվտանգություն, թափանցիկություն եւ հաշվետվողականություն, ԱՄՆ-ն աշխատում է մի ամբողջ շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Ավստրալիայի եւ Ճապոնիայի հետ, Blue Dot Network բազմաֆունկցիոնալ պլատֆորմներ ստեղծելու համար: Դա կարեւորագույն նախաձեռնություն կլինի, որն ամբողջ աշխարհում երկրներին կապահովի բարձրորակ ենթակառուցվածքային նախագծերի համար հուսալի եւ տնտեսության մասնավոր հատվածի կողմից տրամադրվող հնարավորություններով»,- ամփոփել է ամերիկացի առաջնորդը:

Միացյալ Նահանգները մտադիր է Հնդկաստան սեղմված բնական գազի արտահանումը մեծացնել երկրի գազաբաշխիչ ցանցի արդիականացմանը զուգահեռ, որն իրականացնում է Exxon Mobil-ը:

«Հնդկաստանի աճին զուգահեռ աճում են նաեւ էներգիայի նրա պահանջմունքները,- ասել է Թրամփը: - Երեկ Exxon Mobil-ը համաձայնագիր է ստորագրել Հնդկաստանի գազաբաշխիչ ցանցի բարելավման մասին, այնպես որ՝ ԱՄՆ-ն կկարողանա Հնդկաստան արտահանել ավելի մեծ ծավալով սեղմված բնական գազ»:

Ընդ որում՝ Թրամփը նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու պահից սկսած էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ից Հնդկաստան արտահանումն արդեն 500 տոկոսով աճել է, մինչդեռ ընդհանուր առեւտրային շրջանառությունը՝ 60 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ