News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի» ներքո ստանձնած պարտավորությունների իրականացմանն օժանդակելու նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված՝ «Կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի» կիրառման, դրա շրջանակներում հետագա համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանը նախարար Գրիգորյանը մասնավորաբար նշել է․

«Հայաստանի կողմից մշակված նորարարական ֆինանսական մեխանիզմի ներդրման միջոցով զարգացած երկրները կարող են աջակցել զարգացող երկրներին՝ միաժամանակ իրականացնելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները։ Այս մեխանիզմը կարող է կիրառվել նաեւ այլ զարգացող եւ զարգացած երկրների միջեւ համագործակցության համար՝ նվազեցնելով զարգացող երկրների արտաքին պարտքը՝ այդ միջոցներն ուղղելով կլիմայի փոփոխության բացասական հետեւանքները մեղմելուն եւ հարմարվողականությունը բարձրացնելուն։

Նախարար Գրիգորյանը նշել է նաեւ, որ մեխանիզմի շուրջ բանակցություններ են ընթանում մի շարք այլ երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ։ Մեխանիզմը ներկայացվել է նաեւ Ռուսաստանի Դաշնությանը եւ Գերմանիայի Դաշնությանը։

Դեսպան Յամադան կարեւորել է կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված լայնածավալ աշխատանքները։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել նախարարության կողմից փոխանցված փաստաթուղթն ու հետագայում շարունակել քննարկումները։

Կողմերը խոսել են նաեւ Սեւանա լճի հիմնախնդիրների, ոլորտում ճապոնական փորձի եւ այն հայկական կողմի հետ կիսելու հնարավորությունների մասին։ Դեսպան Յամադան առաջարկել է դիտարկել ճապոնացի մասնագետների եւ ճապոնական հիմնադրամների հետ համագործակցության հնարավորությունները եւ փոխանցել «Միջազգային լճերի բնապահպանական կոմիտե» հիմնադրամի վերաբերյալ տվյալները։ Ճապոնական կողմը պատրաստակամ է համագործակցել նաեւ Սեւանա լճի խնդիրների լուծման շրջանակներում։

Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը դեսպան Յամադային է նվիրել «Մատենադարան, թաքնված գանձ» գիրքը, որտեղ զետեղված են հայկական ձեռագրերի լավագույն նմուշները։ Նախարար Գրիգորյանը դեսպանին է ներկայացրել Որդան կարմիր միջատի պատմությունը եւ կիսվել Շրջակա միջավայրի նախարարության «Որդան Կարմիր արգելավայրի» վերաբերյալ տեղեկատվությամբ։

Տպել
Ամենաշատ