News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ եւս 4 անձի գործով դատաքննությանը գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին։

Պաշտպանը միջնորդեց մեղադրական եզրակացության մեջ ներառել Սերժ Սարգսյանի անձը բնութագրող հատվածներ, քանի որ եւ՛ դատավարության կողմերը, եւ՛ նիստը նախագահող դատավորը պետք է իմանաn, թե ով է գործով ամբաստանյալը։

Նշենք, որ մինչեւ պաշտպանը հայտարարություն անելը, նիստը նախագահող դատավորը անցել էր գործով ամբաստանյալների ինքնությունների ճշտմանը։

Դատարանն առաջինը ներկայացրեց գործով ամբաստանյալ, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին։

Այնուհետեւ դատարանը ներկայացրեց գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանին։ 

Դատարանի ներկայացնելուց հետո Սերժ Սարգսյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի ինքնության հետ կապված ասելիք ունի։

Պաշտպանը շեշտեց, որ քննիչը պարտավոր է մեղադրական եզրակացության մեջ նշել մեղադրվողի անձը բնութագրող տվյալներ. «Դատավարության կողմերն ունեն մեղադրական եզրակացությունը, այն կազմված է 82 թերթից, եւ 82 թերթում որեւէ նշում անգամ չկա պարոն Սարգսյանի անձը բնութագրող։  Պատահակա՞ն է արդյոք, որ ՀՔԾ քննիչը օրենքով սահմանված իր պարտականությունները չի կատարում եւ որեւէ նշում չի անում մեղադրական եզրակացության մեջ պարոն նախագահի անձի մասին։ Այս հանգամանքը պատահակա՞ն է արդյոք, իհարկե, ոչ։ Ճանաչում ենք մեղադրողի անձը, վստահ ենք, որ մեղադրողը քաջատեղյակ է ՀՀ քրեական դատարավության օրենսգրքից։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս պահանջը չի կատարվել։ Նախաքննության հենց սկզբից, երբ պարոն Սարգսյանը ներգրավվել է, այս գործով բազմաթիվ են եղել խախտումները։ Ես դժվարանում եմ հաշվել, թե գործի համար էական նշանակություն ունեցող քանի միջնորդություն ենք ներկայացրել, եւ, բացառապես պարոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու միջնորդության որոշմանը, բոլոր մերժվել են։ Պատահական չէ, որ օրենսդիրը պարտականություն է դնում քննիչի վրա՝ անձանց ներկայացնել այսպես։ Էս ի՞նչ է կատարվում»։

Պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին եւ դատավարության մասնակիցներին ներկայացրեց Սերժ Սարգսյանի անձը բնութագրող մի քանի կետեր.

«Արդյոք կարելի՞ է մոռանալ այն հանգամանքը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս 1989 թվականից ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը. այս հանգամանքը քրեական գործում չկա, ինչո՞ւ պետք է պաշտպանական կողմը բարձրաձայնի այս հանգամանքի մասին։ Ինչո՞ւ չի նշվում, որ ՀՀ երրորդ նախագահը եղել է ՊՆ նախարար, իսկ պարոն Սարգսյանի անձը չեն բնութագրում։ Քննիչը մոռացե՞լ է 1989-1995 թվականները։ Քննիչը մոռացե՞լ է 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայի սխեմայի վրա առկա Սերժ Սարգսյանի ստորագրությունը։ Այդ հանգամանքները հարգելի դատարանի համար էլ է կարեւոր։ Սերժ Սարգսյանը 1995-ից 1996 թվականներին ղեկավարել է Ազգային անվտանգության վարչություն, այնուհետեւ Ազգային անվտանգության նախարար։ Սարգսյանը 24 տարի պատասխանատվություն է կրել ՀՀ անվտանգության համար։ 2008-18 թթ. նախագահ հանդիսանալով՝ եղել է Գերագույն գլխավոր հրամանատար, ինչի մասին որեւէ նշում եւս չկա։ «Արցախի հերոս» կոչումը շնորհվել է 27 անձի, որից մեկը Սերժ Սարգսյանն է, այդ մասին եւս որեւէ նշում չկա»։

Պաշտպանը միջնորդեց Սերժ Սարգսյանի անձի բնութագիրը կցել քրեական գործին։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ առարկեց՝ ասելով, որ վարույթն իրականացնող մարմինը նշել է այն հանգամանքները, որոնք իրեն հայտնի են դարձել քրեական գործով։

Դատախազը շեշտեց, որ պաշտպանի կողմից նշվածներն արդեն հայտնի տեղեկություններ են, եւ, որ վարույթն իրականացնող մարմինը գտել է՝ դրանք քրեական գործում ներառելու անհրաժեշտություն չկա. «Եթե, ամեն դեպքում, պաշտպանները գտնում են, որ դրանք քրեական գործով ունեն կարեւոր նշանակություն ունեն, զրկված չեն քրեական գործում դրանք ներառելուց»։

Արձագանքելով Մակինյանի այն հայտարարությանը, թե նախաքննությունն անցել է բազմաթիվ խախտումներով, դատախազն ասաց. «Իրականացվել է նախաքննություն, դա պաշտպանների գնահատականն է»։

Դատարանը որոշեց պաշտպանի այդ միջնորդությանը անդրադառնալ ավելի ուշ:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը
Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ