News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փետրվարի 25-ին հայտնի դարձավ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան մասին: Նա 91 տարեկան էր, երկիրը ղեկավարում էր 3 տասնամյակ՝ մինչեւ 2011 թվականի ցույցերը, որոնք ավարտվեցին նրա բանտարկությամբ: Քաղաքական գործիչն ազատ արձակվեց 2017 թվականին:

Հոսնի Մուբարաքն առաջին հերթին զինվորական էր, սակայն Եգիպտոսի նախագահի պաշտոնում նա խաղաղության էր ձգտում:

Ընդ որում, Եգիպտոսն առաջատար դեր խաղաց մերձարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում, կարգավորվեցին Իսրայելի հետ հարաբերությունները:

Սակայն Մուբարաքին քննադատում էին իր քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու նպատակով արտակարգ դրության ռեժիմը օգտագործելու, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարել չկարողանալու համար:

2011 թվականին ազգային ըմբոստությունը նրան ստիպեց թողնել իշխանությունը 30 տարի երկիրը կառավարելուց հետո:

Հոսնի Մուբարաքը ծնվել է 1928 թվականի մայիսի 4-ին Կաֆր էլ-Մուսիլհա գյուղում ծառայողի ընտանիքում: 1949 թվականին գերազանցությամբ ավարտել է ռազմական ակադեմիան, մի քանի տարի որպես հրահանգիչ աշխատել է օդուժի ակադեմիայում, մասնակցել է 1956 թվականի Սուեցի պատերազմին:

1959-1960 թվականներին Մուբարաքը սովորել է ԽՍՀՄ-ում, յուրացրել է սովետական ինքնաթիռների մի քանի տեսակների կառավարումը: 1962-1963 թվականներին մասնակցել է Եմենի քաղաքացիական պատերազմին, ապա 2 տարի կրկին սովորել է ԽՍՀՄ-ում՝ Մոսկվայում Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: 1967 թվականին Մուբարաքը մասնակցել է արաբաիսրայելական պատերազմին, 1969 թվականին նշանակվել է ՌՕՈւ շտաբի պետ: 1972 թվականին զբաղեցրել է ռազմաօդային ուժերի հրամանատարի եւ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ապա հաջորդ տարի ստացել է ավիացիայի գլխավոր մարշալի կոչում: 1975 թվականի ապրիլին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը նրան նշանակել է երկրի փոխնախագահ:

1981 թվականի հոկտեմբերի 6-ին ռազմական շքերթի ժամանակ Սադաթը սպանվել է իսլամիստների կողմից, իսկ Մուբարաքը ձեռքի վնասվածք է ստացել: 1981 թվականի հոկտեմբերի 14-ին նա զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը եւ երկրում արտակարգ դրություն հայտարարել:

Մուբարաքը վերընտրվել է նախագահի պաշտոնում 1987, 1993 եւ 1999 թվականներին կայացած հանրաքվեների ժամանակ: Բոլոր երեք դեպքերում մեկ թեկնածու է եղել, որին առաջադրել է ազգային ժողովը: Հանրաքվեների անհրաժեշտությունն հիմնավորվում էր երկրում պահպանվող արտակարգ դրությամբ՝ կապված ահաբեկիչների գործունեության պատճառով իսլամական խնդրի սրման հետ:

Չնայած ԽՍՀՄ-ում ստացած ռազմական պատրաստվածությանը եւ ռուսաց լեզվի իմացությանը՝ Մուբարաքը ձգտում էր հարթել Արեւմուտքի հետ հարաբերությունները:

Արաբաիսրայելական կարգավորման գործում միջնորդությունը որոշեց Մուբարաքի արտաքին քաղաքականությունն ու ամրապնդեց նրա կապերը ԱՄՆ-ի հետ, որը Եգիպտոսին միլիարդավոր դոլարների չափով զենք էր տրամադրում:

Ընդդիմախոսները նրան անվանում էին ԱՄՆ-ի մարիոնետ: Աջակիցներն ուրախանում էին, որ երկրում հարաբերական կայունություն է:

Միեւնույն ժամանակ, Մուբարաքը կարողացավ Եգիպտոսը դուրս բերել մեկուսացումից:

Եգիպտոսը բացառվել էր Արաբական պետությունների լիգայից 1979 թվականին եւ վերականգնել անդամակցությունը 10 տարի անց:

Պաղեստինում իսլամական ՀԱՄԱՍ շարժման հաղթանակից հետո Եգիպտոսն աջակեց Իսրայելին եւ արեւմտյան երկրներին ինքնավարության դեմ էմբարգո սահմանելու հարցում՝ փակելով «Ռաֆահ» անցակետը Գազայի հետ սահմանին:

Սակայն Մուբարաքն ավելի ու ավելի հաճախ էր կոչեր լսում ինչպես Եգիպտոսից, այնպես էլ ամբողջ աշխարհից այն մասին, որ ժամանակն է ճանապարհ տալ ժողովրդավարությանը:

2011 թվականի հունվարին Թունիսի օրինակով Եգիպտոսում զանգվածային ցույցեր սկսվեցին: Մարդիկ դժգոհ էին աղքատությունից, կոռուպցիայից, գործազրկությունից եւ անհատական իշխանության ռեժիմից:

Մուբարաքը խոստացավ չմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին: Բողոքի ակցիաներից 18 օր անց Մուբարաքը, ում համեմատում էին եգիպտական փարավոնների հետ, վայր դրեց պետության ղեկավարի լիազորությունները:

4 ամիս անց արդեն հիվանդ Մուբարաքը ստիպված էր դատարանի առաջ կանգնել: 2011 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցավ առաջին նիստը, որին ներկա էր նախկին նախագահը՝ պառկած շարժական մահճակալի վրա, նա լսում էր կոռուպցիայի եւ ցուցարարներին սպանելու մեղադրանքները:

2012 թվականի հունիսին Մուբարաքը ցմահ ազատազրկման դատապարտվեց ցուցարարների դեմ ուժի կիրառման մասին հրաման արձակելու համար, սակայն արդարացվեց մեղադրանքի այլ կետերով:

Դատարանի որոշումը շատերին չափազանց մեղմ թվաց, դրանից հետո Կահիրեում ցույցեր սկսվեցին:

Հոսնի Մուբարաքի ճակատագիրը կրկին փոխվեց 2013 թվականի հուլիսին, երբ նախկին զինվորական նախարար, ֆելդմարշալ Ֆաթթահ աս-Սիսին տապալեց եւ ձերբակալեց մեկ տարի առաջ ընտրված նախագահ իսլամիստ Մուհամեդ Մուրսիին: Մեկ ամիս անց դատարանը վճռեց ազատ արձակել նախկին առաջնորդին եւ նրա դեմ տնային կալանք սահմանեց:

Նույն տարվա նոյեմբերին Հոսնի Մուբարաքը արդարացվեց ցուցարարների մահվան հետ կապված մեղադրանքներով:

2017 թվականի մարտի 2-ին Եգիպտոսի Վերաքննիչ դատարանը վերջնականապես հանեց նախկին նախագահի դեմ բոլոր մեղադրանքները, եւ 3 շաբաթ անց չեղարկվեց տնային կալանքը:

Մի անգամ Հոսնի Մուբարաքը խոստացել է, որ մինչեւ վերջին շունչը կծառայի Եգիպտոսին:

2011 թվականի փետրվարին նա ասել է. «Ինձ համար շատ թանկ այս երկրում ես ապրել եմ, այս երկրի համար կռվել եմ եւ պաշտպանել եմ նրա անկախությունն ու շահերը: Այս հողի վրա ես կմեռնեմ: Ինձ, ինչպես մյուսներին, կդատի պատմությունը»: 

Համաձայն BBC-ի, ՌԲԿ-ի նյութերի    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ