News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում քարի վրա տարօրինակ նշանների գաղտնազերծման մրցույթի արդյունքները ցույց են տվել, որ 230-ամյա հնության գրառումը կապված է ինչ-որ մեկի ողբերգական մահվան հետ, հայտնում է BBC-ն։

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի արեւմտյան Բրետան շրջանից փորձագետները հուսահատվել էին ափամերձ ժայռի վրա գտնված խորհրդավոր ուղերձը վերծանելու հարցում, Պլուգաստել կոմունայի վարչակազմը որոշել էր վերծանման մրցույթ հայտարարել։ Եւ ահա, հայտարարվել են երկու հաղթողներ, որոնք կիսել են երկու հազար եվրո դրամական մրցանակը։

Քաղաքապետ Դոմինիկ Կապի խոսքերով՝ նրանց թարգմանությունները նույնը չեն եղել, սակայն իմաստը շատ նման է եղել։ Երկու հաղթողներն էլ եկել են այն եզրակացության, որ գրառումը կատարվել է մահացած մարդու հիշատակին։

Հաղթողներից մեկը՝ անգլերենի պրոֆեսոր եւ կելտական մշակույթի փորձագետ Նոել Ռենե Թուդիկը ելնում է նրանից, որ ուղերձի հեղինակը խոսել է 18-րդ դարի բրետոնական լեզվով եւ կիսագրագետ է եղել։

Նրա թարգմանության հիմնական մասն ասում է․ « Սերժը զոհվել է՝ չունենալով թիավարելու ունակություններ, երբ քամին շրջել է նրա նավակը»։

Երկրորդ հաղթող վարկածն ուղարկել են պատմաբան Ռոժե Ֆալիգոն եւ նկարիչ Ալեն Ռոբեն։ Նրանք նույնպես կարծում են, որ տեքստը բրետոներենով է, սակայն վալիերենում գործածվող բառերի խառնուրդով։

Նրանց թարգմանությունն այսպիսին է․ «Նա խիզախության եւ կեսասիրության մարմնացում էր։ Ինչ-որ տեղ կղզում նրա վրա հարձակվել են, եւ նա զոհվել է»։

Գրառումը հայտնաբերել են մի քանի տարի առաջ։ 20 խորհրդավոր տողերը զբաղեցնում են մեկ մետր բարձրությամբ քարի ամբողջ մակերեսը, որը կարելի է տեսնել միայն, երբ ջուրը հետ է գնում։

Լատինական այբուբենի հայտնի տառերի շարքում այնտեղ կան նաեւ շրջված տառեր, ինչպես նաեւ ջնջած նշաններ, որոնք նման են սկանդինավյաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ