News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցում է  Ազգային ժողովում հրավիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներին:

Ելույթի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների օրակարգը, հիմնական ուղղություններն ու անդրադարձել Կառավարության ռազմավարական տեսլականներին՝ դրանցից առանձնացնելով Դատաիրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն եւ Մարդու իրավունքների պաշտպանության, Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի ռազմավարություններն ու յուրաքանչյուրով նախատեսված գործողությունները: Բոլոր ռազմավարությունների դեպքում, նախարարի տեղակալ Գրիգորյանի տեղեկացմամբ, մշակումն իրականացվել է մասնակցային եւ ներառական կերպով, ապահովվել են քննարկումները մարզերում, կատարվել է ֆինանսական գնահատում, հաստատվել են ռազմավարական հաղորդակցության պլանները։

Դատաիրավական ռազմավարությունով նախատեսված միջոցառումներից Քրիստիննե Գրիգորյանը հատկանշական է համարել սահմանադրական եւ ընտրական օրենսդրության բարեփոխումների կոնկրետ քայլերը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման շրջանակներն ու  ուղղությունները, ինչպես նաեւ դատավորների անկախության, անաչառության եւ արդյունվետության ապահովմանն ուղղված գործությունները: Վերջինի առումով փոխնախարարը մանրամասնել է, որ դրանք վերաբերում են դատավորների թեկնածուների որակավորման ստուգման եւ նշանակման, դատավորների եւ ԲԴԽ անդամների կարգապահական պատասխանատվության գործընթացի, բարեվարքության գնահատման ընթացակարգերի հստակեցմանը, ինչպես նաեւ թիրախավորվել են դատավորների թվի ավելացման եւ սոցիալական երաշխիքների ամրապնդման, ծանրաբեռնվածության նվազեցման եւ գործի քննության իրապես ողջամիտ ժամկետների ապահովման հարցերի լուծումները, էլեկտրոնային արդարդատության գործիքների կիրառման ու դատական իշխանության հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման խնդիրները։

Նշենք, որ Ռազմավարության կարեւոր ուղղություններից է նաեւ իրավապահ համակարգի (դատախազության, քննչական մարմինների) եւ քրեական արդարադատության համակարգի փոփոխությունը, քաղաքացիական եւ վարչական վարույթների արդյունավետության բարձրացումը։

Անդրադառնալով Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը՝ Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը եւ նշել, որ Ռազմավարությամբ սահմանվել են կանխարգելման, բացահայտման եւ քննության մարմինները, դրանց գործունեության երաշխիքներն ու համագործակցության, փոխզսպման ու հավասարակշռման մեխանիզմները։

ՄԻՊ ազգային ռազմավարությունից խոսելով՝ փոխնախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ դրանով տրվել է մարդու իրավունքի պաշտպանության իրավիճակի գնահատականը, անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարությունների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ պետության հոգածության ներքո գտնվող, կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրներին:

Ամփոփելով խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ ռազմավարությունների մշակման աշխատանքներում նախարարությանն աջակցելու, կարեւոր խորհրդատվությամբ ապահովելու համար եւ ընդգծել, որ ռազմավարական պլանավորման եւ իրականացման գործընթացին մեծապես նպաստել է Արդարադատության ոլորտի երկխոսության ձեւաչափը, որը, լինելով ոլորտի բոլոր շահառուների, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման հարթակ, միանշանակ ապացուցել է իր արդյունավետությունը։  

Տպել
Ամենաշատ