News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2018-ի մայիսից Հայաստանում հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, ինչն արժանացել է ոչ միայն հայաստանյան հանրության հավանությանը, այլեւ միջազգային հանրության ուշադրությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընթացքում սակայն մի քանի առիթներով հայտարարել եմ, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ես բավարարված չեմ այդ արդյունքներով: Համոզված եմ, որ դրա արդյունքներով բավարարված չէ նաեւ հանրությունը: Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում՝ նկատի ունեմ ոչ միայն եւ ոչ այնքան կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությանից ու ժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան»:

Փաշինյանը ներկայացրեց ՀՔԾ-ի ներկայացրած հաշվետվությունը, ըստ որի, 2019-ին ՀՔԾ-ի կողմից քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4,331 մլրդ դրամ, որը 7 անգամ ավել է, քան ՀՔԾ-ի ողջ գործունեության ընթացքում՝ 11 տարում. «Մոտավորապես նույն իրավիճակն է նաեւ այլ իրավապահ մարմիններում: ԱԱԾ-ի կքննած գործերով 2019-ին վերականգնված գումարը 2017-ի համեմատ ավել է, ուշադրություն դարձրեք, 1371 տոկոսով: Քննչական կոմիտեում 2019-ի վերականգնումները 2017-ի համեմատ ավել են 462 տոկոսով: Ոստիկանությունում 2019-ի վերականգնումները 2017-ի համեմատ ավել են, թվին ուշադրություն դարձրեք,  10767 տոկոսով: Այս վիճակագրությունը իհարկե տպավորիչ է, եթե չասենք սենսացիոն:

Բայց եթե այս տոկոսները վերածում ենք բացարձակ թվերի, պետք է արձանագրենք, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ամենալավատեսական հաշվարկով կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 մլն դոլարի վրաս, ներառյալ նաեւ ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող բվարույթների շրջանակում տեղի ունեցած վերականգնումները: Եթե ՊԵԿ-ի վերականգնումները հանենք այս հաշվարկից, մեր թվաբանությունը կիսով չափ կկրճատվի: ՊԵԿ-ի հատվածն առանձնացնում եմ, որովհետեւ այստեղ շատ դժվար է տարանջատել չկատարված, ապա վերականգնված զուտ հարկային պարտավորությունների հատվածը մաքուր կոռուպցիոն եկամուտների հաշվարկից.,-ընդգծեց վարչապետը:

Նա հարց ուղղեց, թե արդյոք այս տվյալների վրա հենվելով կարելի՞ է պնդել, որ 1,5 տարվա ընթացքում 70-80 մլն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը ՀՀ-ն վերջին 30 տարիներին կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետեւանքով. «Իմ պատասխանը միանշանակ է՝ ոչ, կրկին ու կրկին անգամ ոչ: Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համար առկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավությանու պրոցեսի տեւական լինելու, քննիչների ծանրաբեռնվածության մասին բացատրությունները: չեմ կարող չխոստովանել, որ այդ բացատրությունների մի մասը օբյեկտիվ է ու արդարացված: Բայց մյուս կողմից ժամանակն անցնում է եւ մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները եւ ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում:

Կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կապերը ապացուցող փաստեր չեն գտնում: Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ համակարգը եւ կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես»,-ընդգծեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ