
Կալիֆոռնիայում գրանցված Virgin Galactic ընկերությունը, որը հիմնել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը՝ տիեզերքի կոմերցիոն իրացման համար, չորեքշաբթի օրը հայտարարել է մերձերկրյա ուղեծիր զբոսաշրջային թռիչքների համար տոմսերի վաճառքի աճի մասին։ Նման ծառայությունների պահանջարկը սրընթաց աճում է, հայտնում է BBC-ն։
SpaceShipTwo ուղեւորատար տիեզերանավը փորձարկումներ է անցնում 2018թ․ դեկտեմբերից։ Զբոսաշրջային չվերթների սկիզբը պլանավորվում է 2020-ի վերջին։ Ընկերությունը մոտ 8000 հայտ է ստացել։ Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին ցանկացողները երկու անգամ քիչ էին։
Հայտերի կտրուկ աճի հետ կապված՝ Virgin Galactic-ը հետագայում կսկսի յուրաքանչյուր հայտ ներկայացնողից 1000 դոլարի չափով դեպոզիտ վերցնել, որը կվերադարձվի, եթե թռիչքը տեղի չունենա։
Virgin Atlantic-ի կապիտալիզացիան մեկ ամսվա ընթացքում 2,4 մլրդ-ից հասել է 7,06 մլրդ դոլարի (Bloomberg-ի տվյալները փետրվարի 25-ի դրությամբ)։ Նյու Յորքի բորսայում փետրվարի 20-ին Virgin Galactic-ի բաժնետոմսերը հասել են պատմական առավելագույնին՝ 42,4 դոլար՝ մեկ բաժնետոմսի համար։
Ընկերությունը զեկուցել է վերջին եռամսյակում 73 մլն դոլար վնասի մասին եւ եւս 138 մլն՝ անցյալ տարվա առաջին ինը ամիսների համար։ Սակայն ներդրողները հավատում են տիեզերական զբոսաշրջության ապագային։
Չվացուցակը դեռեւս հայտարարված չէ, այնպես որ հայտնի չէ, թե որքան ժամանակ ցանկացողները ստիպված կլինեն սպասել։ Հետագայում գինը կարող է բարձրանալ։
Առաջինը տիեզերք կմեկնի 600 մարդ, որոնք արդեն վճարել են տոմսի ամբողջ գումարը՝ 250 000 դոլար։ Նրանց թվում են Լեոնարդո դի Կապրիոն եւ Ջասթին Բիբերը։
Ուղեծիր զբոսաշրջիկներ ուղարկել պատրաստվում են նաեւ Իլոն Մասկի SpaceX-ը եւ Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը, սակայն Virgin Galactic-ը առայժմ միակ ընկերությունն է այդ ոլորտում, ում բաժնետոմսերը հոկտեմբերից շրջանառվում են Նյու Յորքի բորսայում։