News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն COVID-2019 կորոնավիրուսի պատճառով համատեղ հրամանատարա-շտաբային զորավարժությունների անցկացումը կհետաձգեն, հայտնել է Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հարավային Կորեայի եւ ԱՄՆ դաշինքը որոշել է մինչեւ հետագա ցուցումներ հետաձգել այս պահին տարվա առաջին կեսին նախատեսված հրամանատարա-շտաբային զորավարժությունները՝ կապված COVID-2019 կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակի մակարդակի մինչեւ «լրջագույն» բարձրանալու հետ»,- համատեղ հայտարարությամբ հայտնել են շտաբների կոմիտեի հանրության հետ կապերի բաժնի պետ Կիմ Չժուն Նակը եւ նրա ամերիկացի գործընկեր Լի Պիտերսը:

Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման արդեն 1595 դեպք, մահացել է 12 մարդ: Համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը երրորդ «նարնջագույնից» բարձրացվել է մինչեւ չորրորդ «կարմիր» մակարդակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեան Cobra Gold 2020 զորավարժությունների է ուղարկելու 30 բարձրաստիճան զինծառայողների միայն հրամանատարա-շտաբային զորավարժություններին (CPX) մասնակցելու համար: Նախապես ծրագրված էր, որ մասնակցելու է մոտ 400 զինծառայող, ինչպես նաեւ 8 դեսանտային երկկենցաղ մեքենաներ (AAV) եւ ռազմանավ, բայց հետո զինվորականները հայտնել էին, որ Հարավային Կորեան կորոնավիրուսի պատճառով այս տարի դաշտային զորավարժությունները բաց կթողնի, որ ռազմական տեխնիկայի ծավալման եւ ծովային հետեւակի սպաներին ներգրավելու անհրաժեշտություն չծագի:

Վիրուսի պատճառով Հարավային Կորեան մինչեւ ապրիլ է հետաձգել նաեւ իր պահեստազորի զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին մարտի սկզբին, եւ որոշել է չմասնակցել Սինգապուրյան ավիասրահ 2020-ին:

Cobra Gold ամենամյա միջազգային զորավարժությունները 1982 թվականից կազմակեևրպվում են ԱՄՆ-ի եւ Թաիլանդի հետ համատեղ, եւ հենց այս երկրներն են զորավարժություններին մասնակցելու համար ուղարկում առավել մեծ թվով նավեր, տեխնիկա եւ զինծառայողների: 2020 թվականին զորավարժություններն անցկացվում են 39-րդ անգամ: Եթե առաջին տարիներին դրանց մասնակցում էին միայն թաիլանդյան եւ ամերիկյան զորակազմեր, ապա վերջին երկու տասնամյակներին զորավարժությունների մասնակիցների աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է, որոնք ԱՄՆ սահմաններից դուրս ամերիկացի զինծառայողների խոշորագույն զորավարժություններն են համարվում: Հարավային Կորեան սկսել է դրանց մասնակցել 2010 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ