News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Վրաստանի առողջապահության նախարարությունը եւ այլ պետական գերատեսչություններ լիովին վերահսկում են  կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եւ խուճապի առիթ չկա: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Փետրվարի 26-ին Վրաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Պացիենտը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, ով Ադրբեջանի տարածքով ժամանել էր Իրանից: «Կարմիր կամուրջ» անցակետում (վրաց-ադրբեջանական սահման) տղամարդու մոտ ջերմություն էր գրանցվել, ինչից հետո նրան տեղափոխել էին Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոց: Ավելի ուշ, Ռիչարդ Լուգարի հանրային առողջապահության հետազոտական կենտրոնում արված նոր կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել:

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ «առաջին դեպքը  հենց սահմանին հայտնաբերել» հնարավոր եղավ փետրվարի 28-ին իր կարգադրությամբ ստեղծված համակարգող խորհրդի ակտիվ աշխատանքի շնորհիվ:

«Նա գրեթե ոչ մի շփում չի ունեցել մեր քաղաքացիների հետ: Սա առաջին դեպքն էր, որը գրանցվել էր հենց սահմանին, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ինչպես առողջապահության նախարարության աշխատակիցներին, այնպես էլ մաքսային ծառայողներին, սահմանային ծառայության աշխակիցներին»,- ասել է Գախարիան:

Վարակված քաղաքացու հետ շփմված մաքսային ծառայողները կարանտինում են: Տղամարդու ուղեկիցը զննման նպատակով շարունակում է մնալ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Լաբորատոր ուսումնասիրությունները նրա մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել: Մի քանի մարդ, որոնք երթուղային միկրոավտոբուսով վարակված վրացու հետ միասին ուղեւորվում էին դեպի սահման, տեղափոխվել են կարանտին Ադրբեջանում:

Կառավարության նիստի ժամանակ Գախարիան հայտարարել է, որ համակարգող խորհուրդը շարունակում է ակտիվ ռեժիմում աշխատել: Նա միաժամանակ Վրաստանի բնակչությանը կոչ է արել հետեւել Առողջապահության համաշխարհային կազմակեևրպության բոլոր հանձնարարականներին:

Երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման հետ կապված՝ Վրաստանի կառավարությունը փետրվարի 26-ին որոշում է ընդունել 2 շաբաթով Իրանի հետ օդային եւ ցամաքային հաղորդակցության սահմանափակումներ մտցնելու մասին:

Դրանից բացի, նոր տեսակի թոքաբորբի բռնկման պատճառով Վրաստանն ավելի վաղ ժամանակավորապես կասեցրել էր Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը: Արգելված է նաեւ Չինաստանից կենդանիների ներմուծումը: Օդանավակայաններում եւ Վրաստանի պետական սահմանի անցակետերում մասնագետները ստուգում են բոլոր ճանապարհորդներին: Առողջապահության նախարարությունը բնակչության շրջանում անցկացնում է ակտիվ տեղեկատվական արշավ:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) առաջացրած հիվանդությունը բռնկվել է Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 մլն բնակչությամբ Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ բնորոշելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս  վարակման դեպքեր են հայտնաբերվել 42 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Չինաստանի իշխանությունները երկրում գրանցել են մահվան 2744 դեպք, առողջացել է ավելի քան 32,4 հազար մարդ, վիրուսի տարածման ամբողջ ընթացքում վարակվածների թիվն անցել է 78,4 հազարից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ