News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 29
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Օրեր առաջ Անվտանգության խորհուրդն ինձ համար զեկույց էր պատրաստել գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք՝ աշխարհում տասնյակ ցուցիչներ կան ամենատարբեր ոլորտների վերաբերյալ, եւ այդ ցուցիչների առյուծի բաժնում Հայաստանը շատ հստակ առաջընթաց ենք գրանցել: Բայց կան նաեւ ցուցիչներ, որտեղ արձանագրված առաջընթացը շոշափելի չէ: Ես դրանք առանձնացրել եմ, որ կառավարության անդամների հետ դա դարձնենք օրակարգ:

Իհարկե, մեզ համար ամենանհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու ցուցիչն է։ Մեր քաղաքական ուղենիշը պետք է հստակ անենք, գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական կառավարման համակարգին, ասաց, որ այստեղ իրենց առաջին սկզբունքը պետք է լինի բժշկական՝ չխանգարել ու որտեղ հնարավոր է՝ օգնել։

«Այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, որոնք երկար տարիներ էդ նույն կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձեւավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի։ Այդ մարդիկ շատ չարացած են այսօր ներկաների վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ, ամբողջ չարությունը պարպում են էդ մարդկանց վրա։ Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ նախարարների պարտականությունն է այդ կաբինետներում նստած այդ մարդկանց գտնել եւ լիցքաթափվելու հնարավորություն տալ: Թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ պետք չի, որ դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել, պատմել, աղաղակել։ «Մենք գիտենք դա։ Մենք ասել ենք՝ չենք եկել գերանդին առնել ու հնձել, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անել, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ սահուն անցկացնելու մեր ցանկությունը պետք է չարաշահվի եւ այսօր չարաշահվում է: Ես ասում եմ՝ հերիք ա, էդ մարդիկ պետք է թողնեն, գնան ու զբաղվեն լրիվ ուրիշ գործով: Կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա բավականին եկամտաբեր է»,-ասաց ՀՀ վարչապետը եւ նշեց, որ այսօր կարող է այնպես լինել, որ ընդդիմություն լինելն ավելի եկամտաբեր լինի, քան իշխանություն եւ դա նորմալ է:

Տպել
Ամենաշատ