News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Քարե երկար աստիճանավանդակը տանում է բակ եւ դեմ առնում գարշահոտ ջրափոսին։ Բակում, արեւի տակ տաքանում է դպրոցականների խումբը եւ ինչ-որ բան քննարկում։ Չնայած օդում կախված կոյուղու հոտին, երեխաները հանգիստ նստած են նստարանին, խաղում են տրենաժորների վրա։ Հավանաբար սովորել են։

Ինչ-որ տեղ այս կողմերում վաղուց տեղի էր ունեցել միջադեպ, որը անօթեւան կենդանիների եւ մարդու հարաբերությունների թեմայով բազմաթիվ քննարկումների, վեճերի պատճառ էր դարձել։

Հիշեցնենք հակիրճ՝ տուժածների խոսքերով, դպրոցի ճանապարհին ծնողները երեխաների հետ (պատմությունը լռում է, թե քանի այդպիսի դեպք է տեղի ունեցել) ենթարկվել էին թափառող եւ «շատ ագրեսիվ» (այդպես են համարում ոմանք) շների հարձակմանը։ Տեղեկատվությունը տարածվել էր սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում։ Այդ հիմնավորմամբ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը (հենց այսպես պրոզայիկ է կոչվում այդ կառույցը) Մալաթիա համայնքում բռնել էր մեծ թվով շներ, որոնց մի մասը վերադարձվել էր իրենց սովոր վայր, մյուս մասը, որ բռնել էին դպրոցների մոտ, տարել են անհայտ ուղղությամբ։ Թեեւ կենտրոնը կտրականապես հերքում է դա, պաշտպանների մոտ արմատացել է այն կարծիքը, որ շների մի մասը ենթարկվել է եւ այսուհետ կենթարկվի քնեցման՝ անօթեւան կենդանիների թիվը կրճատելու նպատակով։ Հատկապես դա վերաբերում է խոշոր շներին։ Կենտրոնի աշխատակիցների գործողությունների մտադրությունն ապացուցել հնարավոր չէ։ Նրանք միշտ կարող են հղում կատարել «վտանգավոր վարակիչ հիվանդությանը», որ հայտնաբերվել է այս կամ այն արարածի մոտ։ Իսկ ագրեսիայի մասին պատկերացումներն ընդհանրապես անհատական են։ Հաճախ կենդանիների «ագրեսիվության» մասին դատում են սեփական անհանդուժողականությամբ կամ ֆոբիաներով։  

Ընդհանրապես վերջին տարիներին շների հարձակման մասին տեղեկատվությունները հազվադեպ էին։ Սակայն, չգիտես ինչու, հունվարին դրանց ցուցանիշն ակնհայտորեն աճեց։ ԶԼՄ-ներում խոսվում էր մի քանի թվերի մասին՝ կենտրոն ուղարկված ավելի քան 100 հաղորդագրություններ «շների կծելու» մասին, ընդ որում բժշկական հաստատություններում գրանցվել է 30-ը։ Երբ, ինչ հանգամանքներում, ում մեղքով է տեղի ունեցել ենթադրյալ հարձակումը նույնպես մնում է անհասկանալի։

Ինչեւէ, համաձայնելով երեխաների եւ մեծահասակների հանդեպ ֆիզիկական սպառնալիքի անթույլատրելիության հետ, NEWS.am-ի թղթակիցը, այնուամենայնիվ, փորձեց տեղում պարզել իրավիճակը։

Սպորտդպրոց, երկու հանրակրթական դպրոց եւ մանկապարտեզներ միասին տեղակայված են բնակելի շենքերից որոշ հեռավորության վրա։ Կողքին ֆուտբոլի անխնամ դաշտ է։ Եւ աղբ։ Շատ աղբ։

Շների հակառակորդները հավաստիացնում են, որ նրանք շատացել են։ Հնարավոր է։ Ինչպես եւ աղբը։ Հազիվ թե որեւէ մեկը վիճարկի «կերային բազայի» եւ շների, կատուների, առնետների, մկների, խավարասերների պատճառահետեւանքային կապը։ Շներն ու կատուներն այս շղթայում ակնհայտորեն վատագույն օղակը չեն։

Աղբ կա բակերում, աղբ կա ցանկապատի տակ եւ նույնիսկ մանկապարտեզի ցանկապատի հետեւում։ Դրանք այնտեղ չորքոտանիները չեն բերել։ Քանի որ դժվար է պատկերացնել գարեջրի շշով (հենց գարեջրի շշեր են մանկապարտեզի մոտ) շան։ Եւ որքան էլ շներ հավաքեն, կհայտնվեն մյուսները, որովհետեւ աղբը մնացել է՝ չխոսելով այն մասին, թե ինչ պոտենցիալ վտանգ է ներկայացնում երկոտանի արարածը, որ գարեջուր է խմում մանկական հաստատության ցանկապատի տակ։

Ի լրումն աղբի, հենց սպորտդպրոցի մուտքի մոտ կոյուղու պայթած խողովակից հոսել է մեծ եւ շատ վատ հոտով ջրափոս, իսկ խողովակից, ուրախ քչքչալով, հոսում է գարշահոտ ջուրը։

«Վաղու՞ց է այսպես»,- հարցնում եմ մոտեցող աղջկան։ Գարշահոտությունից թաքցնելով քիթը վզնոցի մեջ՝ աղջիկը պատասխանում է․ «Այո, ամեն տարի։ Արդեն հոգնել ենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ